ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը մարտի 18-ից գտնվում է Հայաստանում, եկել է երեք ազդակով:
Այս մասին նա այսօր հայտարարեց Իջևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, ապա մանրամասնեց, թե որոնք են դրանք:
«Առաջին մեսիջն այն է, որ մենք խաղաղություն ենք ուզում Հարավային Կովկասում, և այդ համատեքստում ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը: Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է, և ես ցանկանում եմ, որ Ադրբեջանը հնարավորինս արագ ստորագրի այս փաստաթուղթը»,- ասաց նա:
Ռասմուսինի երկրորդ ուղերձը կապված էր հայ-եվրոպական կապերի ամրապնդման հետ: Հայաստանը, ըստ նրա, ժողովրդավարական ծիլ է, որն աճում է հարևանության շատ բարդ պայմաններում, և դրա համար Եվրամիությունը պետք է ուժեղացնի օժանդակությունը երկրին՝ ժողովրդավարության ճանապարհին:
Ռասմուսենի երրորդ ուղերձը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին էր վերաբերում:
«Ես շատ ուժեղ օժանդակում եմ վարչապետ Փաշինյանի նախաձեռնությանը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Եթե այդ նախաձեռնությունը իրականացվի, այն կօժանդակի, կսատարի առևտրի և բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը ամբողջ Կովկասում»,- նկատեց նա:
Ըստ Ռասմուսենի՝ այսօր Եվրամիությունը բավականին մեծ ու խորը կապեր ունի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում, և այդ լծակը պետք է արդյունավետ օգտագործի՝ ստիպելով նրան ընդունել խաղաղության համաձայնագիրը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե Ադրբեջանը Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը տարբեր կերպ է մեկնաբանում, մեկ բառով ասած՝ նրանց «շպիոններ» է որակում, արդյո՞ք Ադրբեջանի շահագրգռվածությունն այն է, որ ԵՄ դիտորդները լքեն Հայաստանը, և չի՞ խասում այն մասին, որ այդ երկիրը ոչ թե խաղաղությամբ, այլ պատերազմով է հետաքրքրված, Ռասմուսենը արձագանքեց. «Հենց այսօր այցելել եմ Հայաստանում գտնվող եվրոպական առաքելությանը, նրանց մոտից եմ գալիս և կարող եմ հավաստել, որ նրանք բնավ էլ «շպիոններ» չեն, բոլորովին, նրանք զինված չեն, չեզոք են, ընդամենը դիտում են, թե ինչ է կատարվում սահմանի վրա»:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: