Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար քարոզարշավին մասնակցող ընդդիմադիր որոշ ուժեր գյումրեցիներին իրենց ծրագիրը ներկայացնելու փոխարեն կարծես այլ ճանապարհ են ընտրել:
Օրինակ՝ Կոմունիստական կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հայտարարում է՝ եթե ինքը չհաղթի, ապա ռուսներին Գյումրիից «քշելու» են և «բերելու են թուրքերին»։ Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանի փեսայի անդավաճան ընկերն ու հանրապետականի կողմից հովանավորվող Ռուբեն Մխիթարյանը, հայտարարել է, թե «Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին կանգնածները ադրբեջանցիներն ու թուրքերն են»:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որը վերջին օրերին ակտիվ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի քարոզարշավին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում զարմանում է՝ «ո՞ւմ նկատի ունի Մխիթարյանը, այն գյումրեցիներին, որոնց մեծ մասը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:
«Գլուխները պատերով են տվել բոլոր նրանք, ովքեր փորձում են պիտակավորել գյումրեցիներին, ովքեր փորձում են պիտակավորել մեզ։ Մարտի 31 կա, թող հստակ գիտենան, մարտի 31-ին բոլորս դուրս ենք գալու քաղաք և նայենք իրար աչքերի մեջ, թող իմ խոսքերը չվերագրեն որպես սպառնալիք, այլ ուղղակի՝ որպես կոչ, որ մնան բարոյական սահմաններում»,- ասում է նա:
Վերջինս շեշտում է՝ որևէ մեկը թող չփորձի գյումրեցիների հետ նմանատիպ բառամթերքով խոսել։ Իսկ այն, որ այս վարքով տվյալ ուժերը նպատակ ունեն սադրելու քարոզարշավի ընթացքը, Առուշանյանը չի հերքում։
Ըստ նրա՝ այս բառամթերքը գալիս է նաև նրանից, որ այդ ուժերը գյումրեցիներին որևէ ասելիք չունեն։
Շիրակի մարզպետը հիշեցնում է, որ Գյումրու բոլոր ընտրություններում այս ուժերը մերժվել են, սպասվող ընտրություններին էլ նույն պատկերն է լինելու։ Գյումրեցու մոտ ո՛չ փողն է աշխատում, ո՛չ էլ բարեկամի հորդորը, վստահ է նա:
Հենց այդ հստակ վերլուծության հիման վրա Դավիթ Առուշանյանը վստահում է մարտի 30-ին գյումրեցու ընտրությանը։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: