Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Վրաստանին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին:

32-րդ րոպեին «Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի սխալից հետո վրացիները հակագրոհեցին, հաշիվը բացեց իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Գեորգի Կոչորաշվիլին: Ընդամենը 5 րոպե անց ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն խորքից փոխանցում ստացավ և գրավեց Օգնյեն Չանչարևիչի դարպասի մոտակա անկյունը: Ի դեպ, Միկաուտաձեին ասիստ կատարեց իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին: Սա Մամարդաշվիլիի կարիերայում առաջին ասիստն է:

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում չորս հարված կատարեց, մեկը` դիպուկ: Միակ դիպուկ հարվածը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» վինգեր Էդգար Սևիկյանը, տպավորիչ սեյվ կատարեց Գեորգի Մամարդաշվիլին: Վրացիները 6 հարված կատարեցին, երեքը` դիպուկ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 13 րոպե անց վրացիները սեփական տուգանային հրապարակի մատույցներից հակագրոհ սկսեցին, Գեորգի Չակվետաձեի առաջխաղացումից և փոխանցումից հետո դուբլ գրանցեց Միկաուտաձեն:

Մինչև երրորդ գոլը` 57-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց Երևանի «Ուրարտուի» հարձակվող Նիկոլաս Կալուկյանը` խաղադաշտ դուրս գալով Արթուր Միրանյանի փոխարեն:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը նիդերլանդցի մասնագետ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ առաջին խաղում պարտվեց 0-3 հաշվով:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ