«Հարկավոր է արձանագրել, որ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունն Ադրբեջանի համար բացարձակ անսպասելի էր»,- Civic.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Անվտանգության քաղաքականության միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ապատեղեկատվությունները սահմանային հարձակումների մասին։
Ըստ մեր զրուցակցի՝ այն, որ հայկական կողմը վեց ամիս տևած բավականին ինտենսիվ բանակցություններից հետո համաձայնվեց երկու կետերին, անսպասելի էր Բաքվի համար. «Ադրբեջանին բավականին ձեռնտու էր առկա ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ վիճակը, որովհետև դա մի կողմից՝ հնարավորություն է ստեղծում ցանկացած հարմար պահի գնալ էսկալացիայի, մյուս կողմից՝ հնարավորություն է գործընթացները հավերժ ձգձգելու ու ասելու, թե Հայաստանն է ձգձգում»,- նկատեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ երբ իրավիճակը փոխվեց, Բաքուն ցնցումների մեջ ընկած փորձում է կառավարել իրավիճակը. «Դրա մի գործիք են այն հայտարարությունները, թե հայկական կողմը հրադադարի ռեժիմի խախտման է գնում։ Դրանք ոչ միայն հերքեց ՊՆ-ն, այլ նաև եղավ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը, որը ես շատ կարևորում եմ»։
Արեգ Քոչինյանը կարծում է, որ վարչապետի վերջին հայտարարությունները փորձ են գրավելու համաշխարհային ուշադրությունը. «Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, թե այս պահին մեծ էսկալացիայի հնարավորություն կա, բայց չեմ բացառում փոքր էսկալացիայի hնարավորությունը, որը կդառնա Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզի գագաթնակետը»։
Նրա դիտարկմամբ՝ աշխարհում ստեղծվել է բավականին պոզիտիվ ֆոն՝ այլևս ժամանակ չկորցնել, գնալ խաղաղության: «Գագաթնակետը ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի համապատասխան հայտարարությունն էր։ Եվ Ադրբեջանն ունի խնդիր՝ ջարդել այս պոզիտիվ տենդենցը»,- եզրափակեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում