Կոբախիձեն Երևանում է. Նիկոլ Փաշինյանի հետ միասին կհետևեն Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում է, նա հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը և երկարամյա բարեկամական հարաբերությունները։

«Ուշադրություն է հրավիրվել ռազմավարական գործընկերության օրակարգի առանցքային հարցերին, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, տրանսպորտային և մշակութային համագործակցությանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության առանձնահատուկ կարևորությանը։

Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, որը պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ուղղությամբ»,- ասվում է Վրաստանի կառավարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Այսօր երկու երկրների վարչապետները կհետևեն Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը։

Լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ