![]()
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել։
Այս մասն սոցցանցի իր էջում Խանդանյանը գրում է.
«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։
Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։
Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ:
Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:
Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։
Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի։
Ի պատասխան Հայաստանից հնչող խաղաղասիրական հայտարարությունների և կոչերի՝ պաշտոնական Բաքուն, որը օրեր առաջ հաստատել էր, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետքայլ է կատարել և հայտարարել, թե խաղաղության պայմանագիր կստորագրեն այն ժամանակ, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ:
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը մի քանի օր է՝ օրվա մեջ մի քանի անգամ կեղծ հայտարարություններ է տարածում, թե հայկական կողմը կրակոցներ է արձակում իր ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը անմիջապես հերքում է այս հայտարարությունները՝ շեշտելով, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
![]()