«Հակակոռուոպիցոն կոմիտեի, այդ թվում, քննչական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ կարևոր է, որ ունենք ելքի մասին որոշակի պատկերացումներ»։
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով․
«Նկատի ունեմ, որ մեզ պետք են հստակ ցուցիչներ, այդ թվում՝ Կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ, որովհետև օրենսդրությամբ կոմիտեն և քննչականը տարեկան գործունեության հաղորդում են ներկայացնում։ Վերջին անգամ, երբ հաղորդումը ստացել եմ նաև այդ հաղորդումը մակագրությամբ խնդրել եմ լրացնել, թե կոմիտեի դատարան ուղարկված գործերի ծավալը ինչպիսին է, և ինչ ծավալ է, որ ավարտվել է դատավճռով, ինչքանն են մեղադրական և արդարացման։
Դա կարևոր ցուցիչ է, որովհետև երբեմն այդ հաշվետովություններում ավանդաբար ասվում է, որ հարուցվել է այսքան քրեական գործ, բայց դրա մեջ ծավալի առումով ոչ մի դրամատիկ բան կարող է և չլինել, այսօր կարող է հարուցվել, վաղը կարող է կարճվել»։
Վարչապետը նաև ևս մեկ կարևոր արձանագրում արեց․
«Մեզ պետք է արձանագրել՝ քրեական գործերի հարուցման հետ ինչ է տեղի ունեցել։ Ես զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է, սա անթույլատրելի է, պետք է թե՛ հանրությունը, թե՛ Կառավարությունը պատասխան ունենա։
Անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 12 տարի հետո, ասենք՝ ի՞նչ եղավ այդ գործը, պարզվի, որ դրա նախաքննությունը շարունակվում է։ Քննչական կոմիտեի դեպքում էլ դրան նմանվող իրադարձություններ ունենք, պետք է բացառենք դա»։