Կառավարության նիստիր ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրման վստահության համար։
«Իմ թեկնածությունը առաջադրելը և հաստատելը ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն։
Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանքը կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը։ Անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն ու դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ ՀՀ քաղաքացու համար»,- ասաց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արթուր Նահապետյանը Կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշմամբ նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Կառավարությանը կառաջարկի Նահապետյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 18-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել: