«Գյումրին արհեստների և արվեստների բնօրրան է, իրական տաղանդների դարբնոց, որը մշտապես փայլել է մշակույթի, սպորտի և գիտության ոլորտներում։ Մեր քաղաքը զարգացման և առաջընթացի բոլոր նախադրյալներն ունի։ Ընդամենն անհրաժեշտ է քաղաքական կամք։ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է ստանձնել քաղաքի վերափոխման հանձնառությունը, որպեսզի Գյումրին դառնա առավել բարեկեցիկ, տեխնոլոգիապես զարգացած, տնտեսապես ամուր և սոցիալապես պաշտպանված։ Նախընտրական ծրագրով ներկայացնում ենք քաղաքի զարգացման մեր տեսլականը»։ Մեջբերումը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրից է, որն ընտրողներին արդեն հասանելի է ԿԸՀ կայքում։ Նշենք, որ ծրագիրը բազմաոլորտ է, ընդգրկում է քաղաքաշինության և ենթակառուցվածքների, հանրային տրանսպորտի, շրջակա միջավայրի և կոմունալ տնտեսության, կառավարման բարելավման և մարդկային կապիտալի զարգացման, սոցիալական, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերի համախումբը։ Ստորև ներկայացնում ենք հիշյալ ոլորտների վերաբերյալ ՔՊ-ի անելիքները, որոնք կյանքի կկոչվեն ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով գյումրեցիների քվեն ստանալուց հետո։
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
«Քաղաքացիական պայմանագիր»-ը խոստանում է, որ վերանայելու է քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ուշադրություն դարձնելով օտարման ոչ ենթակա տարածքներում իրականացված կառուցապատումներին։
Հետևողական է լինելու ապօրինի օտարված համայնքային գույքի վերադարձի խնդիրներին:
Վերացնելու է երկրաշարժից հետո տեղադրված ոչ հիմնական շինությունները, լուծելու է այդ տարածքներում բնակվող ընտանիքների բնակարանային հարցը, մասնավորապես՝ «Ավտոկայան» և «Ֆանտաններ» թաղերում։
Կառավարության աջակցությամբ ավարտին է հասցնելու փողոցների լայնածավալ հիմնանորոգումը, միաժամանակ բարեկարգելու ենք մայթերն ու մայթեզրերը։ Կառուցելու և հիմնանորոգելու է ծայրամասային՝ «Մսի կոմբինատ», «Բուլվարային», «Օդանավակայան» թաղամասերի բակերն իրենց ենթակառուցվածքներով՝ դրանք դարձնելով ավելի բարեկարգ և հարմարավետ։
Պետական և հասարակական նշանակության կառույցներում կառուցելու է թեքահարթակներ, որպեսզի քաղաքն ավելի ներառական լինի բոլորի համար։ Հատկացնելու է տարածք նոր գերեզմանոցի համար և կառուցելու է գերեզմանատուն՝ լուծելով քաղաքային գերեզմանատների գերծանրաբեռնվածության խնդիրը։
Լուծում է տալու քաղաքաշինության ոլորտին առնչվող կուտակված բոլոր դիմումներին՝ ապահովելով արդարության և թափանցիկության սկզբունքը։
Իրականացնելու է «Խելացի քաղաք» («Smart City») համակարգի նախագծում և ներդրում։
Ցուցակագրելու և հանրայնացնելու է համայնքապատկան գույքը՝ թափանցիկ և հրապարակային կառավարման համար, համայնքապատկան հողերի թվային հաշվառում և հանրայնացում է իրականացնելու, մասնավորապես՝ աճուրդներին ներկայացվող հողերը։
Կառավարության աջակցությամբ իրագործելու է «Ալեք Մանուկյան» կամրջի վերանորոգման ծրագիրը:
Սահմանելու է հստակ կանոնակարգեր՝ Կումայրի պատմամշակութային տարածքների պահպանման և վերականգնման համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
Այս ոլորտում էլ ՔՊ-ն անելիքների մեծ ցանկ է ներկայացրել։
Ըստ այդմ՝ ներդնելու է էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ՝ ապահովելով խնայող, հարմարավետ և շրջակա միջավայրի համար անվտանգ փոխադրամիջոցներ։
Վերանայելու և բարելավելու է հասարակական տրանսպորտի երթուղիները՝ ներառելով ծայրամասային «Անի», «Մուշ», «Շերամ» թաղամասերը, որպեսզի ապահովվի քաղաքի բոլոր հատվածների հավասարաչափ հասանելիությունը։ Փոխարինելու է գործող կանգառասրահները՝ դրանք վերազինելով ժամանակակից թվային լուծումներով և ավելի հարմարավետ դարձնելով սպասարկումը։ Ապահովվելու է քաղաքային տրանսպորտի հասանելիությունը մինչև կեսգիշեր՝ դարձնելով երթևեկությունը ավելի հարմար և անվտանգ։
Վերահսկելու է վարորդների արտաքին տեսքը, վարքագիծը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների մաքրությունն ու տեխնիկական վիճակը՝ ուղևորներին տրամադրելով լավագույն սպասարկումը։
Կահավորելու է փողոցները ճանապարհային նշաններով, պատշաճ կերպով գծանշելու է հետիոտնային անցումները և ավտոկայանատեղիները, իսկ մարդաշատ հատվածներում տեղադրելու է «կանչի ռեժիմով» և «խելացի» լուսացույցներ՝ երթևեկության անվտանգությունն ու կառավարումը բարելավելու համար։ Իրականացնելու է հեծանվային և հետիոտնային ուղիների ընդլայնում։
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս՝ բարդ ու խնդրահարույց ոլորտին առնչվող ՔՊ-ի կողմից առաջարկված լուծումներն էլ այսպիսիք են.
Շարունակաբար բարելավել աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը՝ վերազինելով կոմունալ ծառայության մեքենաների պարկը։
Թափառող շների խնդրի կարգավորման նպատակով կառուցել ապաստարան և իրականացնել զանգվածային ստերջացման ծրագիր՝ պահպանելով կենդանիների բարեկեցության կանոնները։
Շարունակել լուսավորել երկրորդական փողոցների բակերն ու փողոցները, ինչպես նաև բարելավել լուսավորության ցանցի ժամային գրաֆիկը՝ ապահովելով առավել արդյունավետ աշխատանք։
Լուծել «Մուշ» թաղամասի աղբադաշտի խնդիրը: Տեսակավորման և վերամշակման մեխանիզմներ ներդնել, ինչը կարևոր քայլ է քաղաքի էկոլոգիական անվտանգության համար։
Կանոնակարգելու է Գյումրի գետակի հունի մաքրումը և սանիտարական վիճակը՝ ապահովելով բնական միջավայրի վերականգնումը։
Բնապահպանական միջավայրի բարելավմանը զուգընթաց ավելացնելու է կանաչապատ տարածքները՝ ստեղծելով ավելի շատ հանրային այգիներ և հանգստի գոտիներ։ Գյումրու պատմական միջուկի՝ Կումայրի արգելոցի տարածքում սահմանելու է ոչ երթևեկելի ժամեր՝ ապահովելով ժառանգության պահպանությունն ու զբոսաշրջային միջավայրի բարելավումը։
Ապահովելու է Գյումրու գետնանցումների հասանելիությունը՝ իրականացնելով մաքրման և լուսավորության աշխատանքներ։
Ամենափրկիչ եկեղեցու ճեմուղու շատրվանի օրինակով վերանորոգելու է այլ պուրակների շատրվաններ, բարեկարգելու է շրջակա տարածքը՝ դարձնելով գրավիչ ու բարեկարգ:
Կանաչ գոտիներում ճանաչելով հանրային գերակա շահը՝ դրանք ծառայեցնելու է հանուն գյումրեցիների:
Արդիականացնելու է համայնքի կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
«Սոցիալական աջակցությունը դարձնելու ենք առավել թիրախային, որպեսզի այն ծառայի առավել կարիքավոր խավերին»,- նշված է ծրագրի հիշյալ բաժնում, որտեղ ներառված են մի շարք այլ կետեր ևս։ Մասնավորապես.
Խոցելի խմբերի հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ավելացնել սոցիալական աշխատողների թիվը և ուժեղացնել համայնքային սոցիալական ծառայությունները։
Հատուկ ծրագրեր մշակել միայնակ թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքների աջակցության համար։
Կազմակերպել մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության խթանման ծրագրեր՝ նպաստելով անապահով ընտանիքների աշխատաշուկայում ներգրավմանը։
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Հիշյալ ոլորտին առնչվող անելիքների համացանկն էլ ասպիսին է.
Ստեղծել օդանավակայանից երկաթուղային կայարան տանող տրանսպորտային հանգույց՝ բարելավելով տրանսպորտային հաղորդակցությունը։
Մշակելու է Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ռազմավարություն և ճանապարհային քարտեզ։
Ստեղծել զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ հանրային զուգարաններ, QR կոդով քարտեզներ, եռալեզու տեղեկատվական վահանակներ։ Ներդնել էլեկտրոնային վճարման ճկուն համակարգ, աուդիո և վիդեո գիդ-ծառայություն համայնքապատկան թանգարաններում՝ զբոսաշրջիկների համար ապահովելով ժամանակակից մոտեցումներ։
Ստեղծել «Գյումրի 360° վիրտուալ տուր»՝ օգտագործելով VR տեխնոլոգիաներ: Զարգացնել հեծանվային ենթակառուցվածքները՝ ստեղծելով ապահով հեծանվային գոտի: Իրականացնել համայնքի բրենդավորում:
ՄՇԱԿՈՒՅԹ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Գյումրեցու քվեն ստանալու և քաղաքի կառավարումը ստանձնելու դեպքում ՔՊ-ն խոստանում է կազմակերպել մշակութային թիրախային միջոցառումներ և փառատոներ՝ խրախուսելով Գյումրու արվեստի և մշակույթի հանրահռչակումը։
Մանկապարտեզները դարձնել ամբողջովին անվճար՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի կրթության և խնամքի հավասար հնարավորություններ։ Վերանորոգել և գույքով ապահովել մարզադպրոցները՝ նպաստելով առողջ ապրելակերպի զարգացմանը։
Ստեղծել երիտասարդական ծրագրեր և հարթակներ՝ խթանելով երիտասարդների ներգրավվածությունն ու ակտիվությունը համայնքի կյանքում։
Վերականգնել համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը։
Երաժշտական և արվեստի դպրոցներում ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, թարմացնել երաժշտական գործիքներն ու գույքը:
Կրթական ծրագրերի ֆինանսավորում իրականացնել՝ տեխնոլոգիական հմտությունների զարգացման համար Գյումրին դարձնել «ՏՏ կրթության կենտրոն» տուրիզմի, տեխնոլոգիաների, արհեստների և արվեստի ոլորտի ստարտափների և ինովացիոն բիզնեսների աջակցության ծրագրեր։
Երիտասարդների ներգրավում համայնքային կամավոր ծառայության մեջ՝ նրանց համար հնարավորություն ստեղծելով մասնակցելու միջհամայնքային միջազգային փոխանակման ծրագրերի։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ներդնել համայնքային ենթակայության հաստատությունների աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման համակարգ։
Զարգացնել համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունները՝ վերանայելով աշխատավարձերի համակարգը։
Ներդնել թվայնացված ծառայություններ համայնքապետարանում՝ ապահովելով թափանցիկ և մատչելի կառավարման համակարգ։
Ամրապնդել համագործակցությունը քույր քաղաքների և միջազգային կառույցների հետ՝ կապերի ընդլայնման նպատակով։
Ստեղծել նպաստավոր պայմաններ Գյումրիում ներդրումների ծավալի ավելացման համար:
Դյուրինացնել համայնքային բարդ փաստաթղթաշրջանառությունը՝ կրճատելով ժամկետները և պարզեցնելով ընթացակարգերը։
Նշենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։