Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը որոշակի առումով ցայտնոտային իրավիճակում է հայտնվել։ Թեպետ բանակցությունների ավարտի մասին առաջինն ազդարարեց Բաքուն, սակայն անմիջապես դրանից հետո Ալիևի ռեժիմը սկսեց տեղեկատվական սադրանքները, ինչը ցույց տվեց, որ Ապշերոնյան թերակղզում այնքան էլ ոգևորված չեն բանակցություների ավարտով։
Ալիևը ոչ միայն նոր պահանջներ և անհիմն մեղադրանքներ ներկայացրեց Հայաստանին, այլև սկսեց մի քանի օր անդադար սահմանային միջադեպերի մասին ապատեղեկատվություն տարածել, հույս ունենալով պաշտոնական Երևանին փակուղու առաջ կանգնեցնել։
Փաշինյանի կառավարության արձագանքը բավական արագ էր և արդյունավետ։ Հայաստանը դիվանագիտական ուղիներով կարողացավ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել բանակցությունների ավարտի վրա։ Չնայած ադրբեջանական ինտենսիվ ապատեղեկատվությունների տարածմանը, Փաշինյանը երեկ և այսօր մի քանի ուշագրավ գրառում արեց, որոնցով գնդակը տեղափոխեց Ալիևի կիսադաշտ։ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել համաձայնագրի ներքո, իսկ ավելի ուշ արդեն հայտարարեց, որ ՀՀ ՊՆ-ին հստակ հանձնարարական է տվել՝ «Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»։ Այսօր Փաշինյանը Ալևին առաջարկեց սկսել ստորագրման հետ կապված խորհրդակցությունները։
Միջազգային հանրության արագ արձագանքը և Փաշինյանի ճիշտ ժամանակին արված գրառումները բարդ իրավիճակ են ստեղծել Ալիևի համար, որը երեկ այցելել էր օկուպացված Արցախ, խոսել լրատվամիջոցների հետ, սակայն այդպես էլ որևէ բառ չէր արտասանել խաղաղության համաձայնագրի և հրադադարի այպես կոչված խախտման մասին։
Խաղաղության համաձայնագրի վերջին երկու կետերի շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում էին մոտ մեկ տարի և այն, որ երկարատև բանակցություններից հետո Հայաստանը համաձայնեց այդ կետերի հետ ինչ-որ առումով անակնկալ էր նաև Ալիևի համար, որին համաձայնագրի ստորագրումը այքան էլ շահեկան չէ։ Շահեկան չէ, որովհետև ստորագրելով համաձայնագիրը Ադրբեջանի մանևրելու հնարավորություները սահմանափակվելու են և Ալիևը ստիպված է լինելու շատ հարցեր լուծել արդեն նոր իրողությունների շրջանակում։
Բացի այդ՝ Երևանի և Բաքվի վերջին օրերի գործողությունները ցույց տվեցին, թե որ կողմն է խաղաղության իրական ջատագովը։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ կարճ և կոնկրետ մատնացույց անել, որ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը դեմ են Բաքվում, ավելին այդ իրողությունը նույնիսկ սկսել են նկատել և ընդունել նաև Ադրբեջանի հովանավոր երկրում՝ Թուրքիայում, որտեղ վերջին օրերին բավական ոգևորված և ակտիվ քննակում են Նիկոլ Փաշինյանի ուղերձները։
Իրավիճակը շարունակում է մնալ փխրուն, սակայն ակնհայտ է, որ Հայաստանին առայժմ հաջողվում է ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին և արգեսիվ հռետորաբաությանը պատասխանել դիվանագիտական լեզվով և քայլերով, ինչը չափազանց կարևոր է աշխարհաքաղաքական ներկա փուլում, երբ համաշխարհային բևեռները փորձում են հակամարտությունները կարգավորել արդեն ոչ թե զենքով, այլ դիվանագիտությամբ։
Մկրտիչ Իսրայելյան