Բաքուն հայտնվել է պատային իրավիճակում, նրա համար պատերազմ ստանալը դառնում է ավելի ու ավելի դժվար. Խալաթյան

Իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը կարծում է, որ ցանկացած քաղաքական բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը:

Ըստ նրա՝ եթե Հայաստանը, օրինակ, նախորդ ժամանակահատվածը՝ 1994 թվականի զինադադարից հետո, օգտագործեր խելամիտ կերպով, քաղաքական, տնտեսական, ռազմական ռեսուրսների գեներացմամբ զբաղվեր, ոչ թե ձևավորեր բռնապետական կորզիչ քաղաքական, տնտեսական ռեժիմ, կունենար լիովին այլ իրավիճակ նաև Լեռնային Ղարաբաղի պարագայում:

«Այսինքն՝ բոլոր պարագաներում քաղաքական բանակցությունները խաղաղության մի ժամանակահատված է, որի խելամիտ և պատշաճ օգտագործումն այսօր Հայաստանի համար հրամայական է: Այն, որ մի քանի տարի հարաբերական անդորր է Հայաստանում, արդեն իսկ կարող ենք դրական համարել, երկրորդը, որ խաղաղության բանակցությունները և խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարող ենք համարել Հայաստանի դիվանագիտական հաջողությունը՝ այնքանով, որքանով որ իսկզբանե ռազմատենչ Ադրբեջանը շարունակում է նույն կեցվածքը պահպանել, բայց ստիպված է առայժմ խաղալ դիվանագիտության և խաղաղ բանակցությունների կանոններով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իրավագետի խոսքով՝ ըստ էության՝ այն թեզերը, որոնք շրջանառում է Ադրբեջանը՝ Հայաստանի ոչ կառուցողականության, ռևանշիզմի և այլ նման բացասական մակդիրներ օգտագործելով, որոնք վերջնարդյունքում պետք է բերեին Հայաստանի հանդեպ ագրեսիայի լեգիտիմացման, առայժմ այդ քաղաքականությունը անարդյունավետ է դարձել:

«Այսօր Ադրբեջանն է կարծես հայտնվել բավականին պատային իրավիճակում: Տեղի տալով նաև Արևմուտքից եկող որոշակի ճնշումների՝ Ադրբեջանը մի կողմից չէր կարող խուսափել խաղաղության տեքստի վերջնականացումից, մյուս կողմից այսօր, իհարկե, փորձում է հետ պտտել ժամանակի անիվը, բայց բոլոր դեպքերում տեքստի համաձայնեցումը մեզ համար հաջողություն է՝ Ադրբեջանին բավականին դժվար դիվանագիտական կացության մեջ դնելու առումով»,- նկատում է նա:

Անդրադառնալով ՀՀ իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե այս փաստաթուղթը կապիտուլյացիա է, Խալաթյանն արձագանքում է. «Մի քանի բան պետք է հստակ արձանագրել. նախ՝ պատերազմում հայկական կողմը պարտվել է, և անխուսափելիորեն պարտությունը իր դրոշմն է թողնում նաև հետագա բանակցությունների տրամաբանության փիլիսոփայության և նաև բովանդակության վրա, մյուս կողմից պետք է նշեմ, որ ՀՀ դիվանագիտությունը բոլոր դեպքերում կարողացավ դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից, որում հայտնվել էր պատերազմից անմիջապես հետո և առայժմ գոնե խուսափել ռուսական վերահսկողությամբ ճանապարհի տրամադրումից, ՀՀ ինքնիշխանության սահմանափակումներից, որը որ ՌԴ-ի և Ադրբեջանի նկրտումն էր: Այս առումով այսօր այդ փաստաթուղթը թերևս ներկա իրավիճակում կարող ենք համարել հաջողված»:

Խալաթյանն այն համոզմանն է, որ ավելի քան 20 տարի Հայաստանից մսխված ժամանակը հնարավոր չէ շատ արագ վերականգնել, և այսօր ՀՀ-ն ունեի այն, ինչ ունի:

«Իհարկե, սա կապիտուլյացիոն համաձայնագիր չէ. արդյոք կան ՀՀ-ի համար շահեկան դրույթներ, այո, արդյոք Հայաստանը կարողացավ այս մի քանի տարում փոքր-ինչ բարելավել իր դիրքերը բանակցություններում, այո, այսինքն՝ ստեղծված իրավիճակում և պայմաններում սա կարող ենք հարաբերական հաջող փաստաթուղթ համարել»,- համոզմունք է հայտնում նա:

Ըստ զրուցակցի՝ Ադրբեջանի գործողությունները վկայում են, որ անգամ ի վնաս իր միջազգային իմիջի, օգտվելով միջազգային խառնակ իրավիճակից՝ փորձում է ուժային ճեղքման նախադրյալներ ստեղծել, սակայն կարծես թե չի հաջողվում համաձայնություններ ստանալ. «Կարծում եմ՝ չի էլ հաջողվի: Մեր դիվանագիտության որոշակի հաջողությունների շնորհիվ Ադրբեջանի համար պատերազմի ինդուլգենցիա ստանալը դառնում է ավելի ու ավելի դժվար»:

Խալաթյանը նկատում է, որ Հայաստանի նարատիվը համահունչ է Թրամփի խաղաղության օրակարգին:

«Բոլոր դեպքերում այդ սինխրոնացումն ակնհայտ է, և մեզ համար ակնհայտորեն որոշակի շահեկան իրավիճակ է ստեղծվել: Այսօր պատերազմ սկսելը միջազգային տեսանկյունից դարձել է բավականին դժվար, ԱՄՆ-ն դա ներկայացնում է որպես իր շահերին հակոտնյա գործողություն, և այդ առումով պատերազմը գոնե Թրամփի գուցե մերկանտիլ շահերի տեսանկյունից, գուցե իր միջազգային խաղաղարարի իմիջի տեսանկյունից դարձել է անընդունելի, և դա մեզ համար որոշակիորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծել: Բայց, իհարկե, պետք է անխոնջ աշխատել, որպեսզի ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիրը պատշաճ կերպով կարողանանք գործարկել, ձևավորենք իրավապայմանագրային բազա եվրոպական երկրների հետ, ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ մերձեցման կուրսը շարունակել, այսինքն՝ պետք է անհոգնել աշխատել, որպեսզի շահեկան իրավիճակից փորձենք ստանալ անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ուժային»,- ասում է նա:

Խալաթյանի դիտարկմամբ՝ պետք է օգտագործել Ադրբեջանի ռազմաշունչ քաղաքականությունն ու հռետորաբանությունը և հասնել նրան, որ մեծաքանակ զենք մատակարարվի՝ ՀՀ-ի պաշտպանական կարիքները բարելավվելու համար, սրան զուգահեռ զարգացնելով տնտեսությունը:

Իրավագետը խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ժամկետում հավանական չի համարում, սակայն, ըստ նրա, բանակցությունները պետք է շարունակվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ