Բաքուն խաղում է երկու լարի վրա, Երևանը պետք է զգոն լինի, իսկ արևմուտքը պետք է գործի

 

Ադրբեջանն արդեն չորրորդ օրն անդադար շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանային իրավիճակի հետ կապված։ Չնայած ՀՀ ՊՆ-ն, ՀՀ վարչապետի աշխատակազմն և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում են Ադրբեջանի կեղծ լուրերը, սակայն Բաքուն շարունակում է տեղեկատվական սադրանքը։

Մի քանի օր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները և փաստաթուղթն արդեն պատրաստ է ստորագրման։ Այդ հայտարարություններից հետո Բաքուն սկսեց տեղեկատվական լարախաղացությունը։

Ակնհայտ է, որ Բաքվում փորձում են միանգամից խաղալ երկու լարերի վրա։ Մի կողմից միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ պատրաստ են գնալ Հայաստանի հետ խաղաղության, մյուս կողմից՝ տեղեկատվական սադրանքներով փորձում են ձգձգել համաձայնագրի ստորագրումը։ Բաքվի այս խաղը թերևս երկու պատճառ կարող է ունենալ։ Ադրբեջանը նախ փորձում է ճնշումներով Հայաստանից ստանալ գրեթե ամեն ինչ, իսկ մյուս կողմից էլ հնարավոր է, որ Ադրբեջանին ստիպում են, որպեսզի համաձայնագրի չստորագրվի, կամ ձգձգվի։ Առաջինի դեպքում ամեն ինչ պարզ է՝ իրավիճակը մոտենում է հանգուցալուծման և Ալիևը փորձում է առավելագույնը ստանալ քանի դեռ սեղանին դրված փաստաթուղթը չի ստորագրվել։ Ստորագրելով համաձայնագիրը Ադրբեջանը ստիպված է լինելու շատ հարցեր լուծել արդեն ոչ թե ուժով, կամ ուժի սպառնալիքով, այլ արդեն բոլորովին ուրիշ մթնոլորտում և այլ իրավիճակում, ինչն էապես կարող է սահմանափակել Ալիևի ախորժակը։ Երկրորդ տարբերակը նույնպես կարող է ռեալ լինել։ Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը էապես կնվազեցնի երրորդ ուժի մանևրելու հնարավորությունը մեր տարածաշրջանում։ Ռուսաստանը, Թրամփի շնորհիվ, ուկրաինական հարցում կարող է հասնել որոշակի դադարի և հնարավորություն է ստանալու կենտրոնանալու այլ տարածաշրջանների վրա։ Հարավային Կովկասը դրանցից մեկն է, եթե ոչ ամենակարևորներից մեկը։

Մեր տարածաշրջանում Ռուսաստանն իր ուժային և վերահսկողական ներկայությունը կարողացել է ամրացնել բացառապես հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժ պահելու միջոցով։

Արցախը Ադրբեջանին հանձնելով և հայաթափելով Ռուսաստանը կարողացել էր, որոշակի առումով «թայմ աութ» վերցնել Հարավային Կովկասում և կենտրոնանալ բացառապես ուկրաինական պատերազմի վրա։

Թրամփի քաղաքականության շնորհիվ ուկրաինական ճակատում Ռուսաստանը կարող է բոնուսային ժամանակ ստանալ և աներկբա է, որ Մոսկվան սկսելու է զբաղվել նաև Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու և հետ վերադառնալու համար։ Իսկ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը բացառապես մեկ ճանապարհ ունի՝ թույլ չտալ որպեսզի Բաքուն և Երևանը կարգավորեն միմյանց հետ հարաբերությունները։

Ռուսաստանը մեր տարածաշրջանում միշտ հաստատվել է որպես «արբիտր»՝ Երևանի և Անկարայի ու Երևանի և Բաքվի միջև։ Սակայն նրա, որպես արբիտրի, գործառույթը եղել է ոչ թե հակամարտող կողմերի հաշտեցումը, այլ հնարավորինն անել, որպեսզի հակամարտությունները ոչ թե լուծվեն, այլ սառեցվեն, որպեսզի հարկ եղած դեպքում միշտ կարողանա այն թեժացնել։

Ստեղծված զգայուն իրավիճակը ձեռնտու է թե՛ Մոսկվային, թե՛ Բաքվին։ Այս իրավիճակում Երևանը պետք է գործի զգույշ և ճկուն, որպեսզի բացառի սայթաքելու բոլոր հնարավորությունները։

Բնականաբար կարևոր առաքելություն ունեն նաև միջազգային դերակատարները։ Արևմուտքը, հատկապես Մաիցյալ նահագները, պետք է ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցի, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը և տարածաշարջանում խաղաղության հաստատումը բխում է նաև իր շահերից և «ամերիկյան ոսկե դարը» խաղաղություն կբերի նաև Հարավային Կովկասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ