Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքով առաջադրված Մարտուն Գրիգորյանի կերպարը մեր նախորդ հրապարակումներից մեկում համեմատել էինք իր ուսուցչին՝ Հիսուսին ուրացած Պետրոս առաքյալի հետ։ Մեր համեմատությունը, որը շատ էր գրգռել Գրիգորյանի թիմին, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, իսկը տեղին էր, քանի որ պարոն Գրիգորյանը նույնիսկ այժմ, երբ արդեն պաշտոնապես առաջադրվել է ՏԻՄ ընտրություններում Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված գործիչների կուսակցությունների ցուցակով, շարունակում է ուրացման քաղաքականությունը։ Չենք բացառում, որ մինչև «աքլորականչ»՝ քարոզարշավի մեկնարկը, կլինեն ուրացման ավելի խոսուն և գործուն դրսևորումներ, ասենք՝ Գրիգորյանը ձեռքը կդնի Սերժ Սարգսյանի մեծադիր պորտրետի վրա և երդում կուտի, որ կապ չի ունեցել ու շարունակում է կապ չունենալ ՀՀԿ առաջնորդի հետ։ Չի բացառվում, որ ավելի համոզիչ երևալու համար Սերժ Սարգսյանի հովանավորյալ թեկնածուն դիմի նաև ծայրահեղ արտահայտչամիջոցների, օրինակ՝ ինքնավնասման ակտի՝ մեղքը գցելով Սերժ Սարգսյանի վրա (վերջինը՝ Աստված չանի)։ Եվ ուրեմն, քաղաքապետի թեկնածուն հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ՝ NEWS.am-ին ու հենց հարցազրույցի սկզբում, որպեսզի մաքրվի Սերժ Սարգսյանի հետ նույնացվելու անպատվությունից, դիմել է սեփական քաղաքական կարիերայի խմբագրման, տեղ-տեղ էլ՝ փաստերի խեղաթյուրման մեթոդին։
Գրիգորյանը նախ հայտարարել է, թե իրեն նախկին նախագահի հետ կապելը «սուտ թեզեր են», ապա, նկատի ունենալով այդ «սուտ թեզերը» տարածող իշխանությանը, հավելել է. «Դա անճարության հետևանք է, որ էսօրվա դրությամբ լավ հասկանում են Գյումրի քաղաքի տրամադրությունները և հասկանում են, որ բացարձակ շանս չունեն, իշխանությունը շանս չունի, և դրանով պայմանավորված փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել դեպի նախկինները, դեպի թալանը, չգիտեմ ինչը…»։
Ինչն է զարմանալին՝ Գրիգորյանը հայտարարել է նաև, թե չի պատրաստվում բանուգործը թողնել և, ուշադրություն, «ինքնապաշտպանվել»՝ փաստորեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունենալը համարելով իր դեմ իրականացված մահացու հարձակում։ Զավեշտ է, այնպես չէ՞։ «Ես ասել եմ ու էլի ասում եմ՝ ես երբևիցե իմ անցած ճանապարհից չեմ խուսափում, ամաչելու բան չունեմ, ես արդեն 14 տարի պատգամավոր եմ, որից 13 տարին եղել եմ ընդդիմություն։ Եղել եմ ընդդիմություն թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք (իյա, իրո՞ք)։ Էդ 14 տարիներից 13-ը եղել եմ ընդդիմադիր, մեկ տարին է, որ ես համագործակցել եմ իշխանությունների հետ, 2017 թվականին, նախագահ Սարգսյանի օրոք, իսկ կոնկրետ համագործակցությունը եղել է պայմանավորված Գյումրի քաղաքի փողոցների հետ, որը ես ներկայացրել եմ, և նախագահն ընդառաջել է, պիլոտային ծրագիր ենք արել, դրանով պայմանավորված սկսվել է մեր համագործակցությունը։ Մյուսը՝ ընդունել եմ առաջարկը «Պատիվ ունեմ» դաշինքով մասնակցելու ԱԺ ընտրություններին՝ պայմանավորված 44-օրյա պատերազմով, դրանից հետո էլ, հիշում եք։ Եվ ես էլի առիթ ունեցել եմ ասելու, որ էն համապետական ընտրություն էր, պետության խնդիր էր, երկրի փրկության խնդիր էր, և ես, այո, տեսել եմ էդ ուժերի մեջը, էդ թիմի հետ եմ տեսել, որ կունենամ հնարավորություն ես էլ իմ լուման ներդնել, որպեսզի երկիրը էս վիճակից դուրս բերենք, և մասնակցել եմ ընտրություններին՝ կոնկրետ «Պատիվ ունեմ» դաշինքով։ Ամաչելու բան չունեմ…»,- հայերենը բռնաբարելով և փաստերը սվաղել փորձելով չքմեղացել է քաղաքապետի թեկնածուն։
Գրիգորյանի՝ իր անցած 14 տարվա քաղաքական ուղու նկարագրությունից տպավորություն ստացանք, որ նա այսքան տարի լինելով քաղաքականության մեջ, փաստորեն, տարրական գիտելիքներ չունի քաղաքականության մասին՝ մինչև հիմա չի սերտել «ընդդիմություն» բառի իմաստը, այլապես իրեն ծիծաղելի դրության մեջ, իր ընտրողին էլ ապուշի տեղ չէր դնի։
Քաղաքապետի սույն թեկնածուն, հիշեցնենք, թիվ 34 ընտրատարածքից առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2007-ին (2007-2012թթ.), 2007-2009 թվականներին խմբակցություններում չի ընդգրկվել, իսկ ահա 2009-2012թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Խմբակցությունում ընդգրկված չլինելու հանգամանքը, փաստորեն, ըստ Մարտուն Գրիգորյանի լոգիկայի, նշանակում է լինել ընդդիմություն։ Նշենք, որ չորրորդ գումարման ԱԺ-ում խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված 11 պատգամավոր կար։ Նույն հաջողությամբ, ասենք, Սամվել Ալեքսանյանը կամ, ասենք, Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, հետո ԲՀԿ մտած Սամվել Բալասանյանը, առաջնորդվելով Մարտուն Գրիգորյանի լոգիկայով, իրենց կարող են համարել ընդդիմադիր պատգամավորներ։ Գրիգորյանը, փաստորեն, իրենից փորձում է հետին թվով կամիկաձե կերտել, քանի որ, իմանալով Գրիգորյանի որակները, բացառում ենք, որ նա ընդդիմություն աշխատեր Քոչարյանի և Սարգսյանի ենթակայությամբ աշխատած խորհրդարանում։ Բայցևայնպես կուզեինք, որ պարոն Գրիգորյանը հրապարակեր երկրորդ և երրորդ նախագահների օրոք իր «ընդդիմադիր» կեցվածքն ապացուցող ելույթներն ու քվեարկությունները։
Գնանք առաջ։ «Ընդդիմադիր» Գրիգորյանը, նկատենք, արդեն երկու տարի անց՝ 2009-ին, մի խմբակցության անդամ էր, որը 2008-ի «Մարտի 1»-ի ողբերգությունից 20 օր անց կոալիցիա էր կազմել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ (կոալիցիայի կազմում էին նաև ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն, որը 2009-ին լքեց այն), այսինքն՝ կիսում էր երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը։ Ավելին, 2008 թվականի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Արդեն 2011-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև ստորագրվեց «Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը»: Կողմերը հայտարարեցին՝ 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում միմյանց դեմ չեն պայքարելու, իսկ 2013-ի նախագահական ընտրություններում հանդես կգան միասնական թեկնածուով՝ ի դեմս Սերժ Սարգսյանի՝ «դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:
Մարտուն Գրիգորյանը, փաստորեն, լինելով ԲՀԿ-ական, իրեն հոգու խորքում, սրտի դավթարում, ուղեղի բջիջներում ընդդիմություն է զգացել ու համարել, բայց դեմ գնալով իր կամքին ու խղճին՝ շարունակել է լինել այն կուսակցության անդամն ու պատգամավորը, որը գործակցում էր Սերժ Սարգսյանի հետ, այն է՝ ջան ասում, ջան լսում։ Իրոք, բացառիկ սկզբունքայնության տեր մարդ է Մարտուն Գրիգորյանը, որը եթե բարոյականության հետ կապված խնդիրներ չունի, ապա պետք է այսքանից հետո ինքնաբացարկ հայտնի, քաղաքապետ դառնալու հավակնություններից հրաժարվի ու շտապի քաղաքագիտության խորացված դասընթացների։ Իսկ մինչ այդ՝ շարունակենք ներկայացնել նրա քաղաքական «ընդդիմադիր» կենսագրության այլ դրվագներ։ Քաղաքապետի թեկնածուն, նշենք, 2012-ին էլ, որպես ԲՀԿ-ական, պատգամավոր ընտրվեց նույն՝ 34 ընտրատարածքից։ Թարմացնելով Գրիգորյանի հիշողությունը՝ նկատենք՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն արդյունքներով 2-րդ տեղում էր՝ ՀՀԿ-ից հետո։ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանը, սակայն, հայտարարեց, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: ԲՀԿ-ն, ուշադրություն, նաև չդարձավ ընդդիմություն: Կուսակցությունն իրեն վերագրեց «չափավոր ընդդիմության» և վերահսկիչ ուժի գործառույթներ՝ ազդարարելով՝ գործելու է կառուցողական դաշտում: Այդ շրջափուլում էլ պարոն Գրիգորյանը երևի շարունակում էր իրեն ընդդիմություն զգալ, բայց արդեն՝ չափավոր ու կառուցողական։ Ի դեպ, Ծառուկյանի այս որոշումը ողջունեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, սակայն, որ «եթե այդ ամենից հետո ԲՀԿ-ն հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա՝ որպես քաղաքական գործոնի վերջը»: Մասամբ ընդդիմադիր Ծառուկյանը, միևնույն ժամանակ, մասամբ հավատարիմ մնալով տրված խոստմանը, չմասնակցեց 2013 թվականի նախագահական ընտրություններին և այսպիսով ապահովեց Սերժ Սարգսյանի ջախջախիչ հաղթանակը այդ ընտրություններում։ Արդեն 2014-ի աշնանը Ծառուկյանն իր ԲՀԿ-ով սկսեց ակտիվորեն մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, ամբիոններից ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ իրեն արդեն բացահայտ ընդդիմություն հայտարարելով և պահանջելով իշխանափոխություն։ Մարտուն Գրիգորյանը, փաստորեն, վերջապես շանս ստացավ իրեն թե՛ հոգով, թե՛ կարգավիճակով ընդդիմություն զգալու, այս անգամ արդեն՝ ջախջախիչ։ Ի դեպ, արդեն 2015-ին, երբ ԲՀԿ-ն իր Ծառուկյանով բուրժուադեմոկրատական հեղափոխություն էր ուզում անել ու Սերժ Սարգսյանին «թախտից գցել», արդեն առիթ ունեցել ենք գրելու, Մարտուն Գրիգորյանը, շարունակելով լինել ԲՀԿ խմբակցության անդամ, որոշեց լքել Ծառուկյանի ղեկավարած ուժը՝ սիրելի ԲՀԿ-ն։ Երևի իր այդ քայլով՝ շեֆի հետ ասոցացվող կուսակցությունը նեղ պահին լքելով, Գրիգորյանը փորձում էր իր վրայից մաքրել ընդդիմություն լինելու խարանն ու իր հավատարմությունը հայտնել առ Սերժ Սարգսյան։ Բարոյականության հարց է, ոչինչ անել չենք կարող։
Հիմա դառնանք 2017-ին Սերժ Սարգսյանի կողմից արված և Մարտուն Գրիգորյանի կողմից ընդունված համագործակցության առաջարկին, որը, փաստորեն, ինչպես Գրիգորյանն է նշում, եղել է Գյումրիի ճանապարհների հետ կապված։ Այս էժանագին շուստրիությամբ Գրիգորյանը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր համագործակցությունը Սերժ Սարգսյանի հետ եղել է ոչ թե քաղաքական, այլ… բացառապես բիզնես ասպարեզում՝ պիլոտային ինչ-որ ծրագիր են իրականացրել միասին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ 2017-ին «ընդդիմադիր» Մարտուն Գրիգորյանն ընդունել էր Սերժ Սարգսյանի քաղաքական առաջարկությունն ու ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Շիրակի մարզում մասնակցում էր ԱԺ ընտրություններին։ Նա, սակայն, պարտվեց ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Ֆելիքս Ցոլակյանին։ Արդեն հեղափոխությունից որոշ ժամանակ անց ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը, վերցնելով մանդատը, «պաշտոնապես» ուրացավ Սերժ Սարգսյանին՝ լքեց ՀՀԿ խմբակցությունը և պատգամավոր աշխատեց շատ կարճ։ 2018-ի դեկտեմբերին, հիշեցնենք, տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ։
2021-ին էլ, փաստորեն, ինչպես Գրիգորյանն է վկայում, իրեն՝ «սերժուրացին», ՀՀԿ առաջնորդը նորից է «զախոդվել» ու առաջարկ արել՝ այս անգամ, սակայն, ոչ թե բիզնես, այլ՝ երկիրը փրկելու։ Ուշագրավ է, որ Գրիգորյանն իր նախորդ հարցազրույցներից մեկում հատուկ շեշտել էր, որ 2021-ին պատգամավոր է դարձել ոչ թե ՀՀԿ-ի, այլ դրա հետ դաշինք կազմած Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քվոտայով։ Արդ, եթե Գրիգորյանը ցուցակում ընդգրկվում էր «Հայրենիք»-ի քվոտայով, ապա ինչո՞ւ էր հայրենիքը փրկելու առաջարկով ընտրություններին մասնակցելու առաջարկը հենց Սերժ Սարգսյանի կողմից արվում։ Ի՞նչ է՝ նախկին նախագահը կարոտե՞լ էր Գրիգորյանի «սիրուն աչքերին», թե՞ առաջնորդվում էր չոր հաշվարկով՝ իրեն 2018-ին ուրացածին դիտարկելով որպես դաշինքի օգտին ձայներ բերող սուբյեկտի՝ ոչ ավել, ոչ պակաս։
Մի հարց, այսուհանդերձ, անպատասխան է մնում՝ եթե Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի, ինչո՞ւ է շարունակում մնալ վերջինիս կողմից փաստացի ղեկավարվող խմբակցությունում և չի լքում այն՝ հետևելով սույն խմբակցությունը ժամանակին լքած, անկախ պատգամավոր դարձած Իշխան Զաքարյանի օրինակին։
Ի դեպ, 2021-ին «Պատիվ ունեմ»-ը Գյումրիում ընդամենը 1424 ձայն էր ստացել, «Հայաստան» դաշինքը՝ 7 698, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 28 հազար 246։ Գրիգորյանը, ինչպես տեսնում ենք, Գյումրիում 2021-ին ահավոր վատ «մարզավիճակում» է եղել, եթե չասենք՝ խայտառակվել է։
Ամբողջ Շիրակի մարզում էլ, հիշեցնենք, ՊՈՒ-ն հավաքել էր 2 696, «Հայաստան» դաշինքը՝ 14 հազար 366, «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ՝ 60 հազար 652 ձայն։ Առաջիկա ընտրություններում իշխանության շանսերի դարդը քաշող Մարտուն Գրիգորյանին առաջարկում ենք քաղաքագիտության դասընթացներին զուգահեռ ուսումնասիրել նաև օտար բառերի բառարանն ու սերտել մասնավորապես «շանս» բառի իմաստը։
Հեղինե Մանուկյան