Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է
Ուղղակի պետք է մեկ անգամ ներկա գտնվել Վարդան Ղուկասյանի հանրահավքներից որևէ մեկին, նայել Հանրապետական կուսակցության անդամատոմս ունեցող ավագանու թեկնածուներով Ռուբեն Մխիթարյանի, Մարտուն Գրիգորյանի ցուցակները, նայել ռուսական RTR Planeta ալիքով մի քանի վարժեցված կենդանիների ներկայությամբ, իրեն հարազատ միջավայրում Հայաստանի դեմ սուտ մատնություն ներկայացնող Թևանյան Անդրանիկի դեմքին ու պարզ կլինի, թե ինչու պետք է չընտրել այս մարդկանց։
Հակառակ դեպքում Գյումրիի քաղաքապետարանում ունենալու ենք նույն պատկերը ինչ Երևանում։ Հայաստանը Պուտինի ոտքերի տակ մատաղ անել պատրաստ մարդիկ ամեն առիթով փորձելու են սկանդալներ, վիճաբանություններ ու քաոս ստեղծել։
Եվ ուրեմն, սիրելի՛ գյումրեցիներ, մեզ պետք է ոչ միայն 51 տոկոս քվե՝ քաղաքապետ ունենալու համար, այլև ձեր տոտալ աջակցությունը՝ մերժելու համար սերժաքոչարյանական այս խավարը։ Կասեք՝ 7 տարի նույնն եք ասում, բայց այո՛, ինչքան առաջ գան, ջրի երես փորձեն դուրս գալ, էդքան պետք է մերժեք։ 90, 80, 70, դե 60 մերժեք, սիրելի՛ գյումրեցիներ։ Մեկ է՝ գյումրեցիներով Սերժին մերժելու բազմակի փորձ ունենք։ Մինչ 2018 թիվը Հայաստանը որոշեց Սերժ մերժել, մենք 2013-ին արդեն մերժել էինք։ Հիմա, ուղղակի, Քոչարյանին էլ պետք է դնենք գրկին ու ճամփենք իրենց կռիվը Գյումրուց հեռու շարունակելու։