Պաշտոնական Բաքուն կտրականապես մերժել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը:
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե հայկական կողմը այս հայտարարությամբ խեղաթյուրում է տեղում իրողությունները և իբր սահմանամերձ շրջանների գնդակոծության փաստերը։
«Հայկական կողմը բարի կամք դրսևորելու և նման սադրանքներից հրաժարվելու փոխարեն առաջարկում է ոչ մի հիմք չունեցող բարդ և գործնականում անհնարին նախաձեռնություններ: Սա հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները՝ օկուպացիային դադարեցնելու կոչերի փոխարեն։ Եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես պնդում է վարչապետի գրասենյակը, իսկապես հավատարիմ է խաղաղության օրակարգին, տեղին կլինի բացատրություն տալ, թե ինչպես է զանգվածային ռազմականացումը, ներառյալ՝ սահմանամերձ տարածքներում հարվածային զենքի տեղակայումը, ծառայում այս օրակարգին: Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այն, որ, չնայած տեղյակ լինելով Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու համար Սահմանադրության փոփոխության պահանջին, Հայաստանը անտեսում է այս կոչը»,- ասել է նա:
Հաջիզադեն նաև հայտարարել է, թե ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, այն է, որ բանակցային տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար։
«Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և հնացած և անգործունակ հարակից կառույցների լուծարման անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես է եկել վերջին օրերին Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ապատեղեկատվությունների վերաբերյալ հայտարարությամբ: