Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում սպասվող ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը երեք օր է, ինչ մեկնարկել է։ Այն կավարտվի մարտի 28-ին՝ ժամը 24։00-ին:
Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է:
Այս ընթացքում երկու համայնքներում ընտրապայքարի դուրս եկած ուժերը տարբեր մեթոդներով՝ հանրության համար տեսանելի քարոզչական պաստառներով, տպագիր և այլ նյութերով իրազեկում են իրենց ծրագրերի մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ուժերը պաստառները կարող են տեղադրել որոշակի վայրերում կամ էլ՝ հանձնաժողովի սահմանած։
«Ֆիզիկական անձանց պատկանող շինությունների վրա՝ նրանց համաձայնությամբ, շենքերի պատշգամբներին՝ նորից նրանց համաձայնությամբ։ Ինչպես նաև համայնքի ղեկավարները պետք է սահամանեն վայրեր, որտեղ հնարավոր է փակցնել այդ պաստառները, ուժերի միջև այդ վայրերը բաժանվում են հավասարաչափ։ Այսինքն՝ բոլորը թե՛ քանակապես, թե՛ մակերեսով հավասար տեղեր պետք է ունենան պաստառները փակցնելու համար»,- ասում է նա։
Կարապետյանի խոսքով՝ մարտի 29-ին և 30-ին ևս դրանք կարող են փակված մնալ:
Գյումրիում ընտրություններին մասնակցող ուժերին պաստառները փակցնելու համար տրամադրված է 68 վահանակի կողմ, Փարաքարում՝ 30։ Հանձնաժողովի անդամը նշում է՝ Գյումրիում 9 և Փարաքարում 6 ուժերից երկու ուժ չի դիմել քարոզչական վահանակների համար:
Քարոզչության ընթացքի, պաստառների, խախտումներն արձանագրելու դեպքերի և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ի զրույցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանի հետ՝ ստորև․