Ինչպես է «5-րդ ալիքի» օպերատորի կողմից տեսախցիկով հարված ստացած տղամարդու առողջական վիճակը. մանրամասներ

«5-րդ ալիք» հեռուստաընկերության օպերատորի կողմից տեսախցիկով հարված ստացած 55-ամյա տղամարդը ստացել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացին հոսպիտալացվել է, հետազոտություններն անցնելուց հետո վիրակապվել է և դուրս գրվել։ Նա այժմ ստանում է ամբուլատոր բուժում։

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ օրերս «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարցազրույց չտալու համար վիճել են քաղաքացու հետ ու նրան վնասվածքներ պատճառել։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը հրաժարվել է հարցազրույց տալ սուպերմարկետի մոտ իրեն մոտեցած հեռուստաընկերություններից մեկի լրագրողին և խնդրել, որ, իր կամքին հակառակ, իրեն չտեսանկարահանեն, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա ու լրագրողի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 27-ամյա օպերատորը տեսախցիկով հարվածել է 55-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ