Հայաստանի վերաբերյալ աննախադեպ դրական լուսաբանում թուրքական լրատվամիջոցներում

Վերջին օրերին Թուրքիայի լրատվական դաշտում մեծ ակտիվությամբ շրջանառվել են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից մարտի 10-13-ը կազմակերպված թուրքական լրատվամիջոցների մեդիա տուրի արդյունքում թուրքական բազմաթիվ հեռուստաընկերությունների և առցանց լրատվամիջոցների եթերում ու հարթակներում տասնյակ հաղորդումներ, ռեպորտաժներ և հոդվածներ են հրապարակվել, որոնցում լայնորեն ներկայացվել են Հայաստանի պաշտոնական մոտեցումները արտաքին քաղաքական հարցերի շուրջ՝ ներառյալ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը և տարածաշրջանային համագործակցությունը։

Մեդիա տուրի շրջանակներում Թուրքիայից ժամանած ազդեցիկ ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատրաստած ռեպորտաժներն ու վերլուծությունները բազմակի ցուցադրվել են TRT World, NTV, Sözcü TV, CNN Türk և այլ հեռուստաալիքների լրատվական ծրագրերում, իսկ Anadolu, Ihlas գործակալությունները և այլ առաջատար լրատվամիջոցներ տարածել են դրանք լայն շրջանակներում։ Բացի այդ, թուրք լրագրողները հյուրընկալվել են տարբեր ռեյտինգային հեռուստա-ռադիո հաղորդումներում՝ անդրադառնալով իրենց Հայաստան կատարած այցին։ Ընդհանուր առմամբ՝ հեռարձակվել է մոտ երկու տասնյակ հեռուստա-ռադիո ռեպորտաժ, իսկ առցանց հարթակներում հրապարակվել է ավելի քան հինգ տասնյակ նյութ։

Հայաստանի դիրքորոշումները լուսաբանվել են բազմաշերտ՝ ընդգրկելով ինչպես Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցերը, որոնք Հայաստանի կողմից ներկայացվել են հստակ, կառուցողական և ուղիղ՝ առանց լրատվամիջոցների կողմից ավելորդ մեկնաբանությունների կամ աղավաղումների։ Լուսաբանումը եղել է ինչպես թուրքալեզու, այնպես էլ անգլալեզու մեդիա հարթակներում, ինչի շնորհիվ Հայաստանի ուղերձները հասանելի են դարձել Թուրքիայի հանրության բոլոր շերտերին։

Առանձնակի ուշադրություն է գրավել թուրքական լրատվամիջոցներում ընդգծվող ուղերձը, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը։ Այս հանգամանքը դարձել է լայն քննարկման առարկա տարբեր վերլուծական հաղորդումներում և վերլուծաբանների կողմից դիտարկվել որպես առանցքային խոչընդոտ սահմանների բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ