Կատարակտ, գլաուկոմա, շաքարային դիաբետից առաջացող ցանցաթաղանթի ախտահարում, կարճատեսություն, հեռատեսություն, ռեֆրակցիոն խանգարումներ և այլն:
Աչքի հիվանդությունները բազմաթիվ են, տարբեր են բուժման ձևերն ու կիրառվող մեխանիզմները, միայն թե ժամանակին պետք է կանխել խնդիրը՝ չբախվելով անվերադարձ կուրության:
Ակնաբան Շուշաննա Քաղքցյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է աչքի հիվանդության տեսակներն ու բուժման ճանապարհները:
Ըստ նրա՝ կատարակտը բնական ոսպնյակի պղտորումն է, որը զարգանում է ինչ-ինչ պատճառներով: Նրա խոսքով՝ անգամ երեխաները կարողն են բնածին ունենալ խնդիրը: Կատարակտի բուժվում է վիրահատական միջամտությամբ՝ տեղադրվելով արհեստական թափանցիկ ոսպնյակ:
Իսկ ինչ է գլաուկոման: Շուշաննա Քաղքցյանն ասում է՝ այն աչքի ախտահարումն է, որը բերում է տեսողական նյարդի ախտահարման, դա էլ կարող է բերել անվերադարձ կուրության: Վերջինիս խոսքով՝ թյուր է այն կարծիքը, թե գլաուկոման ակնային ճնշման բարձր լինելու դեպքում է առաջանում:
Մասնագետի խոսքով՝ տարածված ակնային հիվանդությունների շարքին է դասվում նաև դիաբետից առաջացող ցանցաթաղանթի ախտահարումը, որը ևս կարող է հանգեցնել տեսողության կորստի:
Ըստ ակնաբանի՝ կարճատեսության և հեռատեսության խնդրին հիմնականում երիտասարդներն են բախվում՝ հաշվի առնելով, որ նրանք առավել շատ են օգտվում նորագույն տեխնոլոգիաներից:
Պաշտպանիչ սարքերի կամ կաթիլների կիրառումը ցանկալի է, որ լինի ակնաբանի ցուցումով, հակառակ դեպքում մարդը կարող է էլ ավելի խորացնել խնդիրը:
Անդրադառնալով վերջին շրջանում տարածված աչքի բորբոքումներին՝ մասնագետն ասում է՝ դրանց առաջացման հիմնական պատճառը վարակներն են, սակայն պետք չէ անհանգստանալ:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: