Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները:
Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ընդգծել է, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման:
«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ սա բացառիկ պատմական հնարավորություն է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու տեսանկյունից: Ըստ նրա՝ սա նաև շատ կարևոր քայլ է պետականաշինության ճանապարհին, ինչպես նաև՝ ինքնիշխանության ամրապնդման առումով:
Սուքիասյանը նկատում է՝ 2020 թվականից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր ուզում բանակցությունների գնալ, այլ ասում էր՝ «դուք ով եք, որ ձեզ հետ բանակցենք», իսկ 2022-ին մտան Հայաստանի սուվերեն տարածք, ինչը Ռուսաստանը լեգիտիմացրեց՝ ասելով՝ չի ճանաչում Հայաստանի հստակ սահմանները:
Երկիրն ապրում էր ծանրագույն օրեր, սակայն իրական դաշնակից պետությունների օգնությամբ կարողացավ սանձարձակ մի պետության չափավորել:
Խաղաղության համաձայնագրով նախատեսվում է, որ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայվեն. արդյո՞ք խոսքը Եվրոպական առաքելության դիտորդների մասին է, Սուքիասյանը նկատում է՝ Եվրամիության դիտորդներն ուժ չեն, այն քաղաքացիական առաքելություն է:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային և տնտեսական ուղիները ապաշրջափակել, զրուցակիցն ասում է՝ Հայաստանը տարածաշրջանում որպես պետություն անկլավ է, որպեսզի ինտեգրվի, պետք է կոմունիկացիաները բացվեն:
Վերոնշյալի տրամաբանության մեջ Սուքիասյանն ասում է՝ ռուսական ուղղվածություն ունեցող հատվածի անհանգստությունը հասկանալի է, սակայն անհասկանալի են ժողովրդավարական աշխարհայացք ունեցող ուժերի անհանգստությունները:
Խաղաղության պայմանագիրը, Հայկ Սուքիասյանի խոսքով, ներքին կյանքի ու կայունության համար է պետք: Իսկ ստեղծված բացառիկ իրողությունները կապված են հարևան երկրների մի շարք սխալների հետ, որոնք Հայաստանի համար նոր պատուհաններ են բացել:
Աշխարհը, կամ առանձին պետություններ Հայաստանին, այսպես ասած, դաշնակից են 29 հազար 743 քառակուսի կիլոմետրի համար, կրածում է կուսակցության փոխնախագահը:
Հարցին՝ Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում միջնորդներ պե՞տք են, թե՞ ոչ, Սուքիասյանը արձագանքում է՝ միջնորդներ կան, պարզապես նրանք չեն երևում:
Միջնորդներով, թե առանց միջնորդի, զրուցակցի համոզմամբ, պետք է գնալ պայմանագիրը կնքելու ճանապարհով, և այդ ճանապարհին պետք է լինել համառ:
Ադրբեջանը Հայաստանին, Հայաստանն էլ Ադրբեջանին չի վստահում, ասում է Սուքիասյանն ու շարունակում՝ սակայն կա իրողություն՝ բանակցված պայմանագիր, որը մի օր պիտի ստորագրվի:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում: