Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2024 թվականի աշխատանքները:
Անդրադառնալով Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից 2024 թվականին կատարված աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն ընդգծել է, որ, ի թիվս այլնի, դատախազները 2024 թվականին ձեռնամուխ են եղել առանձնակի բարդություն ներկայացնող՝ շուրջ 100 և ավելի դրվագներ ունեցող քրեական վարույթի (Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և այլ ենթադրյալ հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը) ուսումնասիրությանը և քննության առարկա հանդիսացող հանցավոր դրվագներից շատերի ընթացքը լուծելուն:
Քրեական վարույթի ուսումնասիրության արդյունքում՝ դատախազի հանձնարարությամբ, 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների հատկանիշներով (այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի) նախաձեռնվել են քրեական վարույթներ: Նշված վարույթի շրջանակներում վերադաս դատախազի կողմից ձևավորվել է դատախազական խումբ, միայն դատախազական խմբի ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 33 հանրային քրեական հետապնդում: Դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում պարզվել է, որ միայն նշված վարույթով պետությանը և անձանց պատճառված վնասը, այս պահի դրությամբ, կազմում է շուրջ 350 միլիոն ԱՄՆ դոլար: Դատախազական պատշաճ հսկողության արդյունքում՝ արդեն իսկ որոշ դրվագներով առկա են պետությանը պատճառված վնասի մասով վերականգնումներ (օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է պետությանը. «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը):
Արամ Արամյանի տեղեկացմամբ, 2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է՝ 30 միլիարդ 327 մլն 806 հազար դրամի վնաս: