ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր (արդեն երեկ:) ) իմ գործընկեր Արծվիկ Մինասյանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղելուց առաջ արձագանքեց․ «․․․վերագրելով մի ուժի անկախությանը դեմ պայքարող պիտակով․․․ ոչ միայն քաղաքական սնանկության, այլև քաղաքական անարժանապատվության մասին է խոսում։
Իսկ այժմ քաղաքական անարժանապատվության մասին։
Շատ ջանք պետք չէ ցանցում որոնելու և գտնելու համար 1988, 1989, 1990, 1991 թվականներին դաշնակցության մոտեցումները Հայաստանի անկախացման գործընթացի վերաբերյալ։ Մի քանի մեջբերում։
1988-ի հոկտեմբերին հայ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ էր ուղղվում Հայաստանի և Ղարաբաղի «արի ժողովրդին, որ խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որոնք խանգարում են մեր հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, վնասում են մեր ժողովրդի վարկը, ինչպես նաև բնականոն հարաբերությունները՝ լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ, եւ ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետին նպատակներին»:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը 1988-ի աշնանը ծայրահեղ էր համարում այն ազգային գործիչներին, ովքեր Երևանի փողոցներում Հայաստանի անկախության և Խորհրդային Միությունից անջատվելու պահանջներ էին դնում․
«ՀՅԴ-ն (Հայաստանի) անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը: Սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախության պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի: Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը՝ տեսնելու դիմացը կանգնած թուրք զինվորներին ու Անիի ավերակները»:
Դաշնակցության ժամանակի գաղափարախոսներից Էդուարդ Հովհաննիսյանը, որ, ինչպես դաշնակցության պաշտոնական կայքում է նկարագրված, կանգնած էր ՀՅԴ հայաստանյան կառույցի վերստեղծման ակունքներում այդ տարիներին ակտիվորեն հանդես է գալիս հոդվածների հրապարակումներով, որոնցից միայն մի քանիսի մեջբերումները կանեմ այստեղ․
«Այս առնչությամբ հետաքրքրական է Հայրիկյանի նաև այն հայտարարությունը, որ այժմ Հայաստանում կան հարյուր հազարավոր անկախականներ, այսինքն՝ Հայաստանի անկախության կողմնակիցներ։ Եթե այդ անկախականները բարոյական բնագավառի անկախականներ են, այսինքն՝ հասկանում են անկախության արժեքը, ապա դա մեր ժողովրդի ողբերգությունը պետք է համարել»։ («ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԸ», 1988):
«Սակայն կան նաև այնպիսի շարժումներ, որոնք իրենց բնույթով հայկական չեն, թեև արտաքնապես թվում են այդպիսին։ Օրինակ, Հայաստանի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության և կամ էլ Հայաստանի բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցերը հայկական են, ըստ էության, բայց ո՛չ քաղաքական սեղանի վրա»։
«Այսօր հանրաքվեի ճամփով որոշել հայ ժողովրդի կամքը Խորհրդային Միությունից դուրս գալու մասին, նախ անկարելի է, ապա վտանգավոր»:
«Բացի դրանից՝ հանրաքվեի անցկացումը կարող է նաև վտանգավոր լինել։ Եթե մեր ժողովուրդը մեծամասնությամբ քվեարկի Խորհրդային Միությունից անջատվելու օգտին, դա մեր ժողովրդին ոչինչ չի տա, բացի նրանից, որ Մոսկվայի ղեկավարությունը և հենց ռուս ժողովուրդը կ’արձանագրի մեզ «սև ցուցակում»։ («ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», 1988)
«Իրականում Հայաստանը Խ․ Միության մեջ է և դեռևս երկար ժամանակ կմնա այնտեղ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները: Բոլոր այն խաղերը ու որոշումները, որոնք իբր թե բխում են մեր արդեն անկախ լինելուց ոչ այլ ինչ են, եթե ոչ վտանգավոր գրգռումներ, որոնք չեն համապատասխանում հայկական շահերին և գալիս են ոչ հայկական շրջանակներից»:
«Իսկ եթե դիմադրելու ուժը չունենք, հապա ո՞ւմն են պետք մեզ անկախ համարելու և ազատության համար պայքարելու դերասանությունները: Այս իմաստով, Սեպտեմբերի 21ի հայկական հանրաքվեի հարցումն էլ ոչ մեկ լուրջ քաղաքական բովանդակություն չունի»: («ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ», 1991)
«Այո, նրանք դավաճանեցին հայ ժողովրդին, երբ երևակայեցրին թե կարող են կերտել Հայաստանի ճակատագիրը, առանց հաշվի նստելու Մոսկվայի հետ և նույնիսկ հակառակ նրա շահերի»։
«Սեպտեմբեր 21ին Հայաստանում տեղի է ունենալու հանրաքվե։ Ի՞նչ կարող է պատահել այդ հանրաքվեից հետո։ Ենթադրենք թե հայ ժողովուրդը միաձայնությամբ քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին։ Ի՞նչ պիտի դրանից փոխվի»։
«Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն Միությունից դուրս գալու իրենց երեխայական ճիգերը, Մոսկվան կարող է զզվել ու պարզապես վաճառել Հայաստանը, օրինակ, Թուրքիային»։ («ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆՔ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ», 1991)
«Մոսկվան հեշտությամբ կարող է խլել Հայաստանից այն, ինչը ինքն էլ տվել է։ Մենք կարող ենք այսօր ուրիշներին ասել, որ այն ամենը, ինչ մենք այսօր ունենք, մենք ձեռք ենք բերել սեփական ուժերով ու կամքով, բայց մենք հո լավ գիտենք, որ դա այդպես չէ»։
«Այս նույն դերը մեզ համար կարող էր կատարել Ռուսաստանը, բայց մեկ պայմանով. մենք՝ հայերս, Ռուսաստանում պետք է կարողանայինք նվաճել այն դիրքերը, որոնք Միացյալ Նահանգներում նվաճեցին հրեաները։ Իսկ Հայաստանը Կովկասում Ռուսաստանի համար պետք է դառնար այն, ինչ դարձավ Իսրայելը Մերձավոր Արևելքում՝ Միացյալ Նահանգների համար։» («ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՌԵԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ» 1991)
Այս թեմայով ավելի շատ պերճախոս տեքստեր, որոնք զլացա հավաքել այստեղ, կարող եք կարդալ՝ բացելով ՀՅԴ պաշտոնաթերթերից յուրաքանչյուրի՝ այդ տարիների համարները (ուղեցույց՝ մամուլի ցանկը՝ ՀՅԴ պաշտոնական կայքում, թվայնացված մամուլը՝ «Գրահավաք»-ում)։
Ճիշտ այսպիսի ինքնավստահ և արժանահավատության տպավորություն թողնող դեմքի արտահայտությամբ մեր դաշնակցական գործընկերները պատմում էին Խաղաղության համաձայնագրի՝ իրենց «կարդացած» տեքստերը։
Հ․ Գ․ տեքստերը տառադարձված են, բնագրերը որոնելիս նկատի ունեցեք, որ դրանք դասական ուղղագրությամբ են գրված։