Ադրբեջանը ՓԲԸ է, որտեղ բաժնետեր է մի քանի երկիր. երբ «հովանոցը» հանվի, Ալիևը լուրջ խնդիրներ կունենա. Խալաթյան

Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ հարաբերակցությամբ, «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով հրատապ կարգով բանաձև է ընդունել և կոչ արել Ադրբեջանին նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։

Եվրոպական խորհրդարանի բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ փաստաթուղթն ընդգծում է՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։

«Ադրբեջանում կալանավորված է 23 հայ պատանդ, այդ թվում՝ դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ և ռազմագերիներ 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ: Նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են անցկացվում, և նրանք ենթարկվում են լուրջ մեղադրանքների, որոնք կարող են հանգեցնել անօրինական ցմահ ազատազրկման»,- ասվում է ԵՄ-ի ընդունած փաստաթղթում:

Իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծելով ընդունված բանաձևի կարևորությունը, ասում է՝ սա իրավաքաղաքական բանաձև է և ուժեղացնում է Եվրամիության քաղաքական դիրքորոշումը, սակայն օպերատիվ ազդեցություն Ադրբեջանի վրա չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը իր շահերի ապահովումը փորձում է գտնել ավտորիտար պետությունների ակումբում՝ մտածելով նաև, որ կարող է անտեսել Արևմուտքին։

«Չեմ կանխատեսում, որ այս բանաձևը կարող է Ադրբեջանի գործողությունների կամ վարքի տրամաբանության վրա կարճաժամկետ ազդեցություն թողնել։ Ադրբեջանի և ժողովրդավարական աշխարհի միջև հարաբերությունները լարվում են, կապերը՝ խզվում, և կողմերը հայտնվում են արժեքային տարբեր ճամբարներում։ Այդ առումով ազդեցությունը ես գնահատում եմ զրո, միևնույն ժամանակ հաշվի առնելով աշխարհաքաղաքական փխրուն իրավիճակն ու հնարավոր փոփոխությունները՝ այս բանաձևը կարող է արժեք ունենալ այն պարագայում, եթե միջազգային դերակատարները որոշեն այս կամ այլ դրդապատճառներով պատժել Ադրբեջանին»,- ասում է նա։

Հարցին՝ արդյոք հարցի շուրջ Եվրախորհրդարանում ընդհանուր կոնսեսուս կա՞, Խալաթյանը նկատում է՝ Եվրախորհրդարանի բանաձևը քաղաքական բաղադրիչ ունի․ Հայաստան-Եվրամիություն սրընթաց զարգացող հարաբերությունների ֆոնին Եվրոպական քաղաքական միջանցքներում բյուրեղանում է հայկական կոնսեսուսը․ «Այստեղ նաև իր ազդեցությունն է թողնում Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հստակեցումը Եվրամիության հետ հարաբերությունների խորացման առումով, բավականին կարևոր նշանակություն ունի Եվրաքվեն։ Այս ամենը հանրագումարով բերել է մի իրավիճակի, որ Արևմուտքին հստակ պատկերացում է տվել, թե ովքեր են Հարավային Կովկասում իր դաշնակիցները։ Եվրախորհրդարանը պետք է ընկալել՝ որպես Հայաստանի դաշնակից կառույցի մարմին կամ Հայաստանի հետ շահերի սինխրոնացում ունեցող կառույցի՝ Եվրամիության մարմին»։

Այսինքն՝ այս բանաձևը ապացույցն է այն աշխատանքի, որը գերիների վերաբերյալ հարցի կարգավորման համար այսքան ժամանակ իրականացնում էր Հայաստանը, և ինչը իբր չանելու համար ընդդիմությունը քննադատում էր ՀՀ կառավարությանը։

«Առանց Հայաստանի դիվանագիտական աշխատանքի այս բանաձևը չէր կարող ծնվել։ Հայաստանի կառավարության դիվանագիտական հաջողությունն է սա։ Հաշվի առնելով խնդրի նրբությունը՝ ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակայնացնել։ Նույն հաջողությամբ որոշ մերձքաղաքական փորձագիտական շրջանակներ պահանջում են Կառավարությունից հրապարակել, թե ինչ զենքեր է գնել Հայաստանը, ինչը միամտություն է։ Ամեն ինչ չէ, որ ասվում է, պետք է դատել արդյունքներով, այլ ոչ թե խոսքով»,- շեշտում է նա։

Ինչ վերաբերում է բանաձևում առկա հորդորներին, որոնցից մեկով, օրինակ, կոչ է արվում Եվրոպական խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, իրավաբանը մանրամասնում է․ «Պետք է նշել, որ այդ բանաձևը ենթակա է ուսումնասիրման, և հետագա իմպլեմենտացիայի հնարավորությունը պետք է որոշի գործադիր մարմինը, տվյալ պարագայում՝ Եվրահանձնաժողովը։ Առաջիկայում Հայաստանում սպասվում է նաև ԵՄ արտաքին գործերի նախարարի այցը, գուցե այդ հարցերը քննարկվեն։ Ինչպես նաև պետք է քննարկվի, թե երբ է նպատակահարմար դրանք կիրառելը՝ կախված նրանից, որ Ադրբեջանը դեռևս պետք է պատասխանի, թե երբ է նախատեսում Հայաստանի հետ կնքել Խաղաղության պայմանագիրն ու արդյոք նախատեսում է։ Դա ևս խաղաքարտ է»։

Միևնույն ժամանակ Խալաթյանը հիշեցնում է, որ Ադրբեջանը ինքնաբավ պետություն չէ, նա փակում է ժողովրդավարական բոլոր հաստատությունները երկրում․ «Ադրբեջանը փակ բաժնետիրական ընկերություն է, որտեղ բաժնետերեր են Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը։ Կլինեն այնքան ժամանակ, որքան Ադրբեջանի կեցվածքը իրենց ձեռք կտա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքական որևէ նշանակության համար չէ, որ նրա գործողություններին ազդեցություն է տրվում, այլ պայմանավորված է այդ պետությունների շահերով։ Որ պահին համարվի, որ Ադրբեջանը այդքան էլ լավ չի սպասարկում այդ շահերը, հովանոցը կհանվի, ու Ալիևը լրջագույն խնդիրներ կունենա Արևմուտքի հետ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ