Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է Ադրբեջանի Հանրապետությանը սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: Երբ առարկայական շարժվենք այդ ճանապարհով, պատշաճ ժամկետներում տեքստը հայտնի է դառնալու, հանրությունը դրա մասին տեղեկանալու է, տեքստը անցնելու է ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով, վավերացվելու է:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Այսինքն որևէ մեկը չի կարող Խաղաղության համաձայնագրի նման ծանրակշիռ տեքստը հապճեպ, հանրությունից թաքուն ստորագրի: Դա ընդդիմության կողմից հերթական մոլորեցնող ձևակերպումներն են»,- ասաց Կոնջորյանը:
Ըստ էության Խաղաղության համաձայնագիրը, ըստ Հայկ Կոնջորյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ է և սա չափազանց կարևոր քայլ է 2 երկրների միջև միջպետական հաաբերությունների հաստատման, թշնամանքի էջը փակելու, խաղաղություն հաստատելու և առաջ շարժվելու համար:
«Բայց ես ուզում եմ մի բան շեշտել, որ մենք չպետք է մտածենք, որ որևէ փաստաթուղթ, այդ թվում նաև Խաղաղության համաձայնագրի նման ծանրակշիռ փաստաթուղթը միայնակ բոլոր հարցերը կարգավորելու է մեկընդմիշտ: Ոչ, բայց սա չափազանց կարևոր մեկնարկ է, որը իր հետևից շոգեքարշի պես տանելու է խաղաղության հաստատման օրակարգը և մենք էս քաղաքական կամքը մեր կողմից ունենք»,- ասաց Կոնջորյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: