Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով:
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ողջ շրջանակում»,-հավելել է դիվանագետը։Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան նպատակ ունի նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը ողջունել են մի շարք երկրներ և կառույցներ:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: