Մարտի 15-ից, այսինքն՝ վաղվանից, Գյումրիում պաշտոնապես կմեկնարկի ընտրական քարոզարշավը:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ այսպիսով՝ բոլոր քաղաքական ուժերը ընտրապայքարի մեջ կմտնեն ոչ միայն քաղաքական «պալեմիկայի» շրջանակներում, այլ նաև իրական ծրագրերի ու գաղափարների:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս հույս է հայտնում, որ դրանք միտված կլինեն Գյումրու զարգացմանը:
Խոսելով իրենց թեկնածուի՝ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի մասին՝ Բաղդասարյանը հիշեցնում է, որ Մինասյանը դեկտեմբերին է նշանակվել պաշտոնակատար, նրա լիազորությունները սահմանափակ են, քանի որ փաստացի ավագանու նիստեր չեն գումարվում, իսկ առանց ավագանու հաստատման շատ դժվար է ծրագրեր իրագործել: Այս ամենով հանդերձ, սակայն, ըստ Նազելի Բաղդասարյանի, Մինասյանը կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքի համար կենսական կարևորության հարցերի լուծումներ գտնել:
Նկատենք, որ օրերեր առաջ քաղաքական թիմի հետ միասին Գյումրի էր եկել նաև վարչապետը, որը հենց այստեղ հայտարարեց՝ «Գյումրու համայնքապետի պաշտոնի համար առաջադրված շատ թեկնածուներ վերջին ճակատամարտն են տալիս՝ գողացվածը պաշտպանելու համար»:
Բաղդասարյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությանը քաղաքական բոլոր շրջանակները շատ բուռն են արձագանքել, որովհետև, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ճիշտ նշանակետին է խփել, և մարդիկ իրապես հասկացել են, որ այդ ամենի վերջը եկել է:
Վարչապետին արձագանքողներից առաջինը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր, որը, ըստ իրավապահների, ապօրինի գույք ունի և անցնում է մի շարք քրեական գործերով:
Ղուկասյանը հայտարարել է, թե ինքը իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում 3 նախագահ, 5 վարչապետ է փոխել, իսկ Փաշինյանը կլինի 6-րդը:
Հարցադրմանը՝ ինչպե՞ս կարձագանքի նրա այս հայտարարությունը, Նազելի Բաղդասարյան չի մեկնաբանում այն քաղաքական գործիչներին, որոնք, ըստ նրա, իրենց քաղաքական կենսագրությունը սպառել են:
Արձագանքողներից հաջորդը հետախուզվող և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր, որը ևս, ըստ իրավապահների, ապօրինի գույք ունի: Բալասանյանին, այսպես ասած, «դուր չէր եկել» «Սև Բերդի» հետ կապված վարչապետի հիշատակումը:
Նազելի Բաղդասարյանը նկատում է՝ «Բալասանյան» դաշինքը նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ Վարդգես Սամսոնյանի դեմքով, իսկ այս հայտարարությամբ տեղի ունեցավ լյուստրացիա, և Բալասանյանը ներկայացրեց, թե որ քաղաքական ուժերի ետևում է իր «ռեսուրսն» օգտագործելու:
Ըստ Բաղդասարյանի՝ ժողովուրդը պիտի ընտրի քաղաքի զարգացումը, և այն քաղաքական ուժին, որ իրատեսական գաղափարներ կբերի Գյումրի, իսկ իշխող ուժի յուրաքանչյուր քաղաքական ծրագրի ետևում կա հստակ մեխանիզմ՝ ինչպես Գյումրին դարձնել ավելի զարգացած, նորարար, թվայնացված գործիքներով, սոցիալապես ճկուն և այսպես շարունակ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում