Բաքվի բանտում գտնվող և 23 օր հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանը կրկին ուղերձ է հղել՝ հայտնելով, որ դադարեցնում է հացադուլը:
Ուղերձում վերջինս մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ ասելով.
«Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մե՞զ եք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»:
Ռուբեն Վարդանյանի՝ արդեն պարբերաբար դարձած ուղերձներից հետո հանրային հարթակներում հարց է բարձրացվում, թե ինչպե՞ս է, որ Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող մնացած հայերը չեն ունենում նույն հնարավորությունը՝ ուղերձներ հղելու, ինչ Վարդանյանը։
Ըստ որոշ կարծիքների՝ վերջինիս ուղերձների բովանդակությունը շատ վտանգավոր է, որը թույլատրվել է կամ հանձնարարվել փոխանցել, ուստի այստեղ այլ նպատակ կա։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է՝ փաստեր չկան, որ Վարդանյանի ուղերձները հանձնարարականով են հնչում հայկական տիրույթում, բայց, եթե նույնիսկ դրանք կան, ապա նման քայլի գնալը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Ռուսաստանին․ «Հավանականություն կա, որ Վարդանյանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ գտնվելով Բաքվի բանտում, այսինքն՝ հայտնի հանգամանքներում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մյուս գերիները ևս հնարավորություն ունեն իրենց կարծիքը հայտնելու, սակայն չեն ցանկանում։ Հավանաբար Վարդանյանը որոշակի այլ պատկերացումներ կամ մոտեցումներ ունի՝ կապված նրա հետ, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարվի Հայաստանում»։
Ըստ նրա՝ պետք չէ նաև բացառել, որ գուցե Վարդանյանը հանդես է գալիս սեփական նախաձեռնությամբ, և քանի որ նրա տեսակետները համընկնում են Ադրբեջանի շահերին, Բաքուն չի խոչընդոտում վերջինիս հանդես գալ ուղերձներով:
«Հարցն այն է, որ, ի տարբերությունը Վարդանյանի, մյուս գերիները ուղերձ չեն հղում ու հայաստանյան հասարակության հետ չեն խոսում։ Դրանից կարող ենք ենթադրել, որ Վարդանյանի մոտեցումները տարբերվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների տեսակետներից՝ անկախ նրանից՝ միջնորդավորված են, այսինքն՝ որևէ մեկի կողմից հանձնարարված են արվում, թե ոչ։ Վարդանյանը նպատակներ ունի նաև իր դերի հետ կապված Հայաստանի քաղաքականությունում»,- նկատում է զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձի բովանդակությանը, Ղևոնդյանը շեշտում է, որ դա հստակ ընդդիմադիր բովանդակություն ուներ:
«Քննադատություն ՀՀ իշխանություններին, նրանց վարած քաղաքականության նկատմամբ, ինչը տեսել ենք ոչ միայն Վարդանյանի, այլ Հայաստանի ներսում գտնվող ընդդիմադիր քաղաքական այլ ներկայացուցիչների մոտ։ Կարելի է ենթադրել, որ Վարդանյանի և կոնկրետ ինչ-որ հատվածի մոտեցումները քաղաքական գործընթացներում իրար նման են։ Միայն կարող ենք ենթադրել, թե այդ բովանդակությունը, օրինակ, Ադրբեջանը ինչ նպատակով է տարածում»,- ասում է նա։
Բաքվի ռեժիմում բանտարկված Վարդանյանը իր ուղերձում կոչ է անում Հայաստանին նետվել պատերազմի մեջ։ Ղևոնդյանը նկատում է. «ՀՀ արտաքին քաղաքականության խաղաղասիրական մոտեցումները Վարդանյանը չի ընդունում և ցանկանում է, որ Հայաստանը շարունակի, ինչպես նախկին 30 տարիների ընթացքում, գործել տարածաշրջանում հակամարտության տրամաբանությամբ։ Նա նաև նկատի ունի այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2023 թվականի սեպտեմբերին, երբ, ՀՀ վարչապետի խոսքով, որոշ ուժեր խորհուրդ էին տալիս Հայաստանին հարձակում գործել Ադրբեջանի վրա Արցախի զտման օրերին։ Վարդանյանը նկատի ունի, որ այդպիսի իրավիճակներում Հայաստանը պետք է վախենա և մտնի պատերազմական գործողությունների մեջ»։
Ղևոնդյանը կարծում է, որ դա ձեռնտու է թե՛ Ադրբեջանին, թե՛ ՌԴ-ին․ «Գուցե ձեռնտու է, եթե Հայաստանը այնպիսի իրավիճակում լինի, ինչպիսին 2023 թվականի սեպտեմբերին էր։ Այդ ժամանակ Հայաստանի ներսում «5-րդ շարասյուն» էր գործում, որը կարող էր իշխանության համար որոշակի խնդիրներ ստեղծել, այսինքն՝ այս իրավիճակներում դա ձեռնտու է Ադրբեջանին, Ռուսաստանն էլ գուցե ցանկություն ունի Հայաստանում վերականգնել իր կորցրած ազդեցությունը»։
Թե ի՞նչ առողջ ուժերի մասին է Վարդանյանը խոսում, երբ ուղերձում ասում է՝ «ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր, և որ այս ծանր ճգնաժամը հաղթահարելու ենք», քաղաքագետը մանրամասնում է․ «Ենթադրում եմ, որ այն մարդկանց հետ է, որոնք կարծում են, թե Հայաստանը պետք է փակի դեպի խաղաղություն գնալու և հակամարտությունը ավարտելու էջերը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Եվ մտածում են, որ անհրաժեշտ է շարունակել հակամարտության տրամաբանության մեջ տեսնել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, գլխապատառ մտնել պատերազմի մեջ»։
Նրա խոսքով՝ կարելի է նաև որոշակի զուգահեռներ տանել այն բանի շուրջ, որ Ռուբեն Վարդանյանի ուղերձները հրապարակվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես Խաղաղության համաձայնագրի համաձայնեցման փուլում։
«Միտումները կարող են տարբեր լինել․ այդ անձը չի ցանկանում, որ Հայաստանը հաջողության հասնի, Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ հավելյալ ճնշում գեներացնել, Ռուսաստանը փորձում է այդ ուղերձների միջոցով Հայաստանին զերծ պահել խաղաղության օրակարգը իր տրամաբանական ավարտին հասցնելուց, որպեսզի կարողանա ինչ-որ ազդեցության լծակներ պահպանել»,- եզրափակում է նա: