Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում և պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով։
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր օգնության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ տարեդարձի տոնակատարություններին»,- հայտնում են Կրեմլից: