Լրատվամիջոցները համատեքստից դուրս են ներկայացրել Փաշինյանի «ճանապարհ տալու» հայտարարությունը

Համացանցում և մի շարք լրատվամիջոցներում տարածվել են «Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան» վերնագրով հրապարակումներ՝ վարչապետի խոսքը ներկայացնելով համատեքստից դուրս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին լրագրողների հետ ճեպազրույց էր ունեցել, որի ընթացքում տրված մեկնաբանության մի հատվածի հիման վրա հայտնվեցին սենսացիոն վերնագրեր, որոնք չեն արտացոլում Փաշինյանի խոսքն ամբողջությամբ։

Ի՞նչ է ասել վարչապետը
Մարտի 13-ին, մինչև Փաշինյանի ճեպազրույցը, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են։ Համաձայնեցվել են պայմանագրի վերջին երկու կետերը՝ սահմանագծից երրորդ ուժերի դուրսբերման և միջազգային ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարման մասին։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը կրկնվող հարցեր է ուղղել Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա բացառում է Մեղրիով ճանապարհ կամ միջանցք տրամադրելը Ադրբեջանին։ Վարչապետը սկզբում հղում է կատարել իր վերջերս հրապարակված հոդվածին, որտեղ մանրամասն անդրադարձել է այդ հարցին։

Երբ լրագրողը շարունակել է պնդել նույն հարցը և պահանջել «այո» կամ «ոչ» պատասխան, Փաշինյանը հստակեցրել է իր դիրքորոշումը.

«Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիները ապաշրջափակել, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։

Լրագրողի հետագա պնդումներին, թե արդյոք «ճանապարհ տալու եք, թե ոչ», Փաշինյանը ի վերջո արձագանքել է՝ «այո, ճանապարհ տալու ենք», սակայն անմիջապես ավելացրել է. «Ինչպե՞ս ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է, ձևակերպված»։

Ինչպե՞ս են լուսաբանել լրատվամիջոցները
Հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ՝ այդ թվում՝ Mamul.am, Tert.am, Yerevan.today, 168.am, Oragir.news, Iravaban.net, Lurer.com, News.5tv.am, Abcmedia.am, Artsakh.news, սոցցանցերում տարածել են «այո, ճանապարհ տալու ենք» արտահայտությունը՝ առանց ներկայացնելու դրա նախապատմությունը կամ վարչապետի տված հստակեցումները։

Yerevan.Today-ի հրապարակած ընդամենը 8 վայրկյանանոց տեսանյութում ցուցադրվել է միայն Փաշինյանի՝ «այո, ճանապարհ տալու ենք» արտահայտությունը՝ առանց նախորդ և հաջորդող մեկնաբանությունների։ Այս տեսանյութը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում և օգտատերերի գրառումներում:

Նման ընտրողական լուսաբանումը համացանցում շահարկումներ է առաջացրել, որոնցում կրկնվել է «Զանգեզուրի միջանցքը» տալու մասին պնդումը՝ չնայած որ Փաշինյանը հստակ շեշտել էր, որ ցանկացած տրանսպորտային կապ պետք է գործի Հայաստանի «ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Վարչապետի հոդվածը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին
Փաշինյանի հիշատակած՝ մարտի 4-ին հրապարակված հոդվածում նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները՝ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Հոդվածում վարչապետը հստակեցրել է, որ «Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում»։

Փաշինյանի հոդվածում նաև նշվում է, որ Հայաստանը պատրաստ է բացել Հայաստան-Ադրբեջան սահմանի անցակետեր, ապահովել Զանգելան-Մեղրի-Օրդուբադ երկաթուղային բեռնափոխադրումներ և թույլատրել Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի ու էլեկտրահաղորդման գծերի տարանցում՝ պահպանելով երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Հայաստանը հերքում է «Զանգեզուրի միջանցքի» եզրույթը
Փաշինյանը օրեր առաջ թուրք լրագրողներին տված հարցազրույցում կրկին հայտնել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն անընդունելի է Հայաստանի համար։

«Գիտեք, նախ մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որովհետև նախ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի, և այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ԱԺ-ում ևս հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստում միջանցքի մասին որևէ դրույթ չկա, ինչպես նաև ապաշրջափակման կոնկրետ մեխանիզմներ նախատեսված չեն։

Այսպիսով, լրատվամիջոցների հրապարակումները Փաշինյանի՝ «այո, ճանապարհ տալու ենք» արտահայտության համատեքստից կտրված են և մոլորեցնող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ