ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների ավարտին ու դրա շուրջ աղմուկին:
«Խաղաղության համաձայնագրի այլընտրանքը պատերազմն է, չկա խաղաղություն՝ կլինի պատերազմ։
Եթե ընդդիմությունը դեմ է խաղաղության համաձայնագրին, ապա ստիպված է խոստովանել, որ պատերազմ է ուզում։
Քանզի կայսերական շահեր սպասարկող ընդդիմությունը մեկ նպատակ ունի՝ հնարավորինս թեժացնել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։
Որովհետև միայն այդ պարագայում հնարավոր կլինի Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունը, «խաղաղապահներ» հրավիրել ու դառնալ ծայրագավառի գուբերնատոր»,- ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։