Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4.300.000 եվրոյին համարժեք դրամ՝ Բրյուսել քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ Բելգիայում ՀՀ դեսպանությունը նախնական բանակցություններ է սկսել Բրյուսելի Գործարարների Միության ներկայացուցիչների հետ՝ Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շենքը, որպես դեսպանության նոր շենք ձեռքբերելու նպատակով:
Դեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թ. և արդեն իսկ հանդիսանալով հին շինություն՝ շուրջ 20 տարիների շահագործման ընթացքում պահպանման տեսանկյունից դարձել է առավել խնդրահարույց։ Դիրքով և չափերով պայմանավորված՝ ներկայիս շենքը իր տարածքում ընդհանրապես չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման (հովացման համակարգ ընդհանրապես գոյություն չունի) համակարգերի հետ կապված փոփոխություններն ու սպասարկումն էական բարդություններ են առաջացնում՝ հաշվի առնելով շենքի կարգավիճակը: Դեսպանության շենքը գտնվում է պետության հսկողության տակ, որի հետևանքով շենքի ներսում և դրսում փոփոխություններ անելը սահմանափակված է։
Rue d’Arlon 92 1040 Bruxelles հասցեում գտնվող շինության ձեռքբերումը նպատակահարմար է՝ շենքը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, որի անմիջական հարևանությամբ գտնվում են մի շարք այլ դեսպանություններ և ներկայացուցչություններ, ԵՄ կառույցներ, ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի՝ շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ հաշվի առնելով ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնումն ու Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը:
Շինությունը կառուցվել է 1866-1870 թվականներին, նախկինում ծառայել է որպես Բրյուսելի Գործարարների Միության շենք և ֆունկցիոնալ առումով հիմնականում համապատասխանում է դեսպանության գործունեության համար անհրաժեշտ չափանիշներին։ Այն չափերով էապես գերազանցում է ներկայիս շինությանը, բաղկացած է 4 հարկից և նկուղային տարածքից, որը կարող է ապահովել 20 և ավելի աշխատակիցների համար բավարար գրասենյակային պայմաններ, ինչպես նաև մինչև 21 ավտոմեքենայի կայանատեղի:
Շինությունն ունի հանդիպումների սենյակներ, փոքր ու միջին ընդունելությունների և միջոցառումների համար նախատեսված դահլիճներ և հարմարություններ, որի օգտագործման պարագայում դեսպանությունը հնարավորություն կունենա կազմակերպել հանդիպումներ և իրականացնել տարբեր միջոցառումներ՝ զերծ մնալով տարբեր տարածքների բավական թանկ վարձակալման անհրաժեշտությունից: Հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ շինության ձեռքբերումը պետության համար կարող է հանդիսանալ նաև շահավետ և երկարաժամկետ ներդրում (վերջին 20 տարիների ընթացքում անշարժ գույքի գները աճել են գրեթե 3 անգամ):