Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որը կբերի երկարաժամկետ խաղաղության և կվերացնի ճգնաժամի բուն պատճառները: Կան հարցեր, որոնք պետք է քննարկել:
Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք մեր ամերիկացի գործընկերների հետ այս մասին, միգուցե զանգահարենք նախագահ Թրամփին և քննարկենք դա նրա հետ, բայց մենք աջակցում ենք այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով դադարեցնելու գաղափարին»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ բանակցությունների արդյունքում Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մի քանի խողովակով Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը։
Մարտի 11-ին տեղի ունեցած բանակցությունները հաջորդել են Զելենսկի-Թրամփ հայտնի միջդեպին:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:
Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:
ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։
Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։