Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ. վարչապետը խոսեց հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Այն, ինչը տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, մենք պատրաստ ենք իրագործել:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային և տնտեսական ուղիները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում, և դա ձևակերպել եմ բազմիցս»,- ասաց վարչապետը:

Ճանապարհ տալու եք Ադրբեջանին՝ հարցին ի պատասխան, վարչապետն ասաց. «Այո, տալու ենք, և թե ինչպես ենք տալու, ես դա մանրամասն ձևակերպել եմ իմ գրած վերջին հոդվածում»:

Վարչապետն ասաց՝ սպասում են Ադրբեջանի պաշտոնական պատասխանին:

«Երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հոդված էր հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ