Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։

«Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվել է 523 կողմ, 3 դեմ, և 84 ձեռնպահ ձայնով:

Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է.

– հաշվի առնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,

– հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան,

– հաշվի առնելով Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի կոնվենցիան,

– հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ծագումով հայ 23 անձանց կալանավորումը, մինչդեռ իրավապաշտպաններն արձանագրել են հայ գերիների առնվազն 80 հաստատված դեպք,

A. հաշվի առնելով, որ կան արժանահավատ հաղորդումներ Բաքվում պահվող հայ բանտարկյալների նկատմամբ բռնության, հոգեբանական խոշտանգումների և անարդար դատավարությունների մասին, այդ թվում՝ յոթ անձանց, ովքեր արդեն դատապարտվել են ծանր բանտարկության՝ անարդար դատավարություններով,

B. հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 17-ից տասնվեց կալանավոր, այդ թվում՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդները, ենթարկվել են անարդար դատավարությունների՝ զուրկ թափանցիկությունից և պատշաճ ընթացակարգից,

C. նկատի ունենալով, որ 2023 թվականի սեպտեմբերից անազատության մեջ գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը 2025 թվականի փետրվարի 19-ին հայտարարել է հացադուլ՝ ի նշան իր ապօրինի կալանավորման և դատաքննության դեմ բողոքի,

D. նկատի ունենալով, որ մի քանի զեկույցներում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների գործողություններ, որոնք միջազգային իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի (III) լուրջ խախտումներ են,

Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները և պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում:
Խոր մտահոգություն է հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արձանագրված դեպքերի կապակցությամբ և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ:
Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Պահանջում է ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը՝ կալանավորված անձանց բարեկեցությունը գնահատելու համար:
Շեշտում է դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը՝ ապահովելու հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, նրանց պաշտպանությունը և վատ վերաբերմունքի համար պատասխանատուների պատասխանատվությունը:
Կոչ է անում Խորհրդին նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների հայտնաբերված խախտումների համար, ներառյալ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ:
Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կառավարության՝ ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշումը, որը խստորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիտորինգի մեխանիզմներին:
Կոչ է անում Միջազգային քրեական դատարանին և նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հետապնդումների և էթնիկ զտումների գործերը:
Ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված այլ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ