Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման՝ ընդդիմության առաջարկը

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր չեղարկել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրած եզրակացության մեջ նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։

«Նախագծի ընդունման հիմնավորմամբ առկա իրա­վի­ճակի խորքային վեր­լու­ծություն, խնդիրների վերհանում չի իրականացվել և ներկայացվել է ապագայում ենթադ­րյալ առաջացող խնդիրների վերլուծություն։ Մինչդեռ, անհրաժեշտ էր բացա­հայտել ոլորտի ընթացիկ իրավիճակը, խնդիր­ները, առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը, վերլուծել նախա­­տես­­վող կարգավորումների ռիսկային գործոնները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ֆիզի­կական անձանց եկամուտ­ների հայ­­տարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։

Հայտնում ենք նաև, որ նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվա­կանների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղա­քա­կանություն» մասով սահմանված քաղա­քա­կա­նության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկա­մուտների հայ­տա­րարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտի­կայում լայ­նորեն կիրառվող «սոցիալական կրե­դիտների» համա­կարգի ներդրմանը»,- նշված է որոշման՝ կառավարության ներկայացրած հիմնավորումների մեջ:

Ֆինանսների նախարարությունն ավելի ուշ նաև պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով. «ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։

Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզի­կական անձանց եկամուտ­ների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։

Հորդորում ենք վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին և կեղծ տեղեկատվություն չտարածել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ