Հայ հեղափոխական դաշնակցությունն ամենայն հավանականությամբ առաջիկայում եւ հերթական անգամ կազդարարի փողոցային պայքարը վերսկսելու՝ «Դիմադրության»՝ «փոզմիշ» եղած շարժման «երկրորդ սեզոնի» բացման մասին։
Նման նախատրամադրվածության մասին են վկայում 135-ամյա կուսակցության՝ օրերս Ծաղկաձորում անցկացված 35-րդ Ընդհանուր ժողովի փաստն ու դրա ժամանակ քննարկված հարցերն ու արված շեշտադրումները։
ՀՅԴ ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին կուսակցության սփյուռքից ժամանած մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, տարածած հայտարարությամբ, ըստ էության, անոնսել են մոտալուտ փողոցային պայքարի «վճռական հանգրվանի» մասին։
«ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային եւ ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու եւ ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է: Դաշնակցությունը լի է վճռականությամբ եւ պատրաստակամ է պետականության եւ ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում»,- մասնավորապես ասվում է հայտարարության տեքստում։
2022-ին տեղի ունեցած ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովից շաբաթներ անց հետո, հիշեցնենք, Դաշնակցությունը, որը դեռ առերես չէր գժտվել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հետ, «սանձազերծեց» «Դիմադրության» շարժումն ու խայտառակվեց՝ իշխանափոխության ծրագիրը «ոտքին գցելով»: Այսօր էլ, փաստորեն, հավակնում է նոր շարժում, այն է՝ «համազգային համախմբում գոյացնել»։
Արձանագրենք զգուշավոր ձեւակերպումը՝ «գոյացնել», ոչ թե՝ ապահովել, երաշխավորել, որոնք շատ ավելի ծանրակշիռ ու մասշտաբային գործողությունների մասին են վկայում։ ՀՅԴ-ն, ինչ է, վստահ չէ՞ իր ուժերի վրա, գուցե հասկացե՞լ է, որ փողոցային ենթադրյալ պայքարի գործողություններն սկսելիս չպետք է ակնկալի ՀՀԿ-ի եւ դրա հետ աֆիլացված քաղաքա-քարոզչական կոնտինգենտի միանալն այդ պայքարին։ Այսինքն՝ «կոնսենսուս մինուս մեկ»։
Եվ մինչ զառամյալ կուսակցությունը կորոշի իր առաջիկա անելիքը՝ մի քանի դիտարկում․ ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքար սկսելու համար ընդդիմության տեսանկյունից «նպաստավոր» պայմաններ են ստեղծվել՝ արտաքին ուժերի, մասնավորապես՝ ՌԴ-ի հովանավորությունն ու գործուն աջակցությունը ստանալու առումով։
ՀՀ-ի՝ եվրաինտեգրացիայի օրակարգի նկատմամբ ՌԴ-ի ցուցաբերած ագրեսիվ դիմադրությունը ազդանշան է ՀՅԴ-ի եւ այդ ուժի ուսերին իշխանության գալու հավակնություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի համար «անցնել գործի»։ Եվ հենց այդ համատեքստում պետք է դիտարկել նրա և Սերժ Սարգսյանի միջեւ վերջին շաբաթներին դրսեւորվող առճակատումը, որը ոչ այլ ինչ է, քան՝ իշխանափոխության պրոցեսի «գոնգ»-ից առաջ տեղի ունեցող «ռազմինկա»։
Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի, այդ թվում՝ ՀՅԴ-ի՝ որպես քաղաքական հենարան, հիմնական ուղերձը ՀՀ-ում իշխանափոխության արտաքին շահառուին մեկն է(ր)՝ 2018-ին իշխանությունը «հանձնեց» Սերժ Սարգսյանն ու հենց նա էլ հանգեցրեց այսօրվա իրավիճակին, երբ ՌԴ-ի հետ հարաբերությունները գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, փոխարենը ՀՀ ներկայիս իշխանությունը հաստատուն քայլերով գնում է դեպի Եվրամիություն։
Հետեւապես, աշխարհաքաղաքական այս «շրջադարձի» սերմերը ցանել է Սերժ Սարգսյանը՝ 2018-ին թուլակամություն ցուցաբերելով, իշխանության «փոխանցման կարգը» խախտելով՝ այն «արեւմտյան հովանավորությամբ» տեղի ունեցած հեղափոխությունն իրականացրածներին զիջելով։ Ու քանի որ Սերժ Սարգսյանն է «Ջինը շշից բաց թողել», ուստի նա պետք է «ինքնաբացարկ» հայտնի՝ «ղրաղ կանգնի»՝ տեղ բացելով այն պերսոնի համար, որն ի վիճակի է «Ջինը նորից շիշ վերադարձնել»։ Իսկ այդ պերսոնը ՀՀ պետականությունը գլխատած ճգնաժամի՝ «Հոկտեմբերի 27»-ի միջոցով անցած ու գլուխը չկորցրած, զենքերը չհանձնած, 2008-ին էլ զենքի գործադրմամբ համաժողովրդական բողոքի ալիքը արյան մեջ խեղդած Ռոբերտ Քոչարյանն է։
Իզուր չէ, որ այս օրերին Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքների «փաթեթում» շեշտվում է նաեւ 2018-ին կրակել-չկրակելու հանգամանքը՝ այն նկատառումով, որ եթե Սերժ Սարգսյանն էլ վարվեր քոչարյանաբար՝ «թավիշ» խաղարկելու փոխարեն ռադիոտունը գրաված հեղափոխականներին կալաներ, կրակելու հրաման տար փողոց դուրս եկած ժողովրդի վրա, գործընթացն այլ ելք կունենար, այսօր ՀՀ-ն չէր լինի այն իրավիճակում, որում որ է։
Հընթացս նկատենք, որ Սերժ Սարգսյանի թիմն էլ՝ ի դեմս Միքայել Մինասյանի, շտապելով օգնության հասնել իր աներ հայրիկին, օրերս ֆեյսբուքյան իր գրառման մեջ պատասխանելով «ո՞վ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին» հարցադրմանը՝ արտաքին լսարանի համար շեշտել էր՝ հեղափոխությունն արել է ժողովուրդը, մի խոսքով՝ աներոջս հանգիստ թողեք, գնացեք, ժողովրդի վրա մուննաթ եկեք, որին այդպես էլ չեք կարողանում ոտքի հանել ու հեռացնել ժողովրդի բերած իշխանությանը։
Ի դեպ, այս հարցադրումը՝ «ով Փաշինյանին բերեց իշխանության», խորքային շերտեր ունի։ Կարելի է ենթադրել, որ սրանով փորձ է արվում հաստատված համարել 44-օրյա պատերազմից հետո շրջանառնած այն հիպոթեզը, թե՝ «2018-ի հեղափոխությունը «պայմանավորված» էր, գործարք էր Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ երրորդ նախագահը իշխանությունը բեմադրված եղանակով հանձնեց Փաշինյանին»:
Ըստ այդ «սցենարի»՝ Սերժ Սարգսյանը, իբրեւ, գիտեր, որ իր իշխանության երրորդ ժամկետում իրեն զիջումներ են պարտադրվելու ԼՂ հարցով՝ որպես 2016-ի քառօրյայից հետո «առկախված պատերազմի» հետեւանք, իսկ ինքը՝ որպես ղարաբաղցի, ի վիճակի չէր գնալ նման «դավաճանական» քայլի։ Եվ որպեսզի «հող հանձնողի» մեղադրանքից կարողանա պատվով խուսափել, որոշել է իշխանության սահուն փոխանցում իրականացնել՝ այն հաշվարկով, որ Փաշինյանը, վայելելով ժողովրդի աջակցությունը, լինելով լեգիտիմ ղեկավար, կկարողանա դիմադրել ՀՀ-ին պարտադրվող զիջումներին։ Բայց, հաշվի առնելով վերջինիս ոչմիթիզական լինելը ԼՂ հարցում (ապացույցը 2016-ին Խորենացի փողոցում նրա հայտնի ելույթն է), շախմատիստ Սերժը հաշվարկել էր հետեւյալը՝ եթե Փաշինյանը ձախողի «պլանը», այսինքն՝ որեւէ կերպ՝ խաղաղ բանակցություններով, թե պատերազմով, «զիջի» «ազատագրված հողերը», դա կլինի նրա վերջը, նրան իշխանության բերած ժողովուրդը նույն ջերմեռանդությամբ, ինչպես ընդվզեց Սարգսյանի դեմ, կընդվզի ու գահընկեց կանի իր կողմից իշխանության բերվածին։ Այս ամենի հետեւանքով իշխանությունը նորից կանցնի նախկին ռեժիմին, բայց ոչ թե Քոչարյանին, որն այդ ընթացքում ենթադրաբար «Մարտի 1»-ի գործով դատված կլինի, այլ իրեն՝ Սերժ Սարգսյանին, որը կվերստանձնի երկրի կառավարումն ուսերից ընկած բեռով՝ որպես մաքուր, անդավաճան, «հող ազատագրած, ոչ թե՝ «հող հանձնած» ղեկավար։
Սերժ Սարգսյանի թիմը, նկատենք, արձագանքելով այս՝ տողատակերում հնչեցվող մեղադրանքին ու հերքելով այն՝ հակադարձում է՝ հեղափոխությունը հաջողություն չէր ունենա, եթե դրան չմասնակցեին նաեւ Քոչարյանի մերձավոր ազգականները, Նիկոլ Փաշինյանն էլ չէր ընտրվի վարչապետ, եթե նրան չառաջադրեին ԱԺ խմբակցությունները, այդ թվում՝ Քոչարյանի քաղաքական հենարան, նրա հետ 2021-ին դաշինք կազմած ՀՅԴ-ն։
Ի դեպ, այս համատեքստում հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, որը նախորդ շաբաթ տեղի ունեցած ԱԺ բրիֆինգի ժամանակ «թղթից կարդում» էր (Շարմազանովն էր ֆիքսել) Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքները, 2018-ի մայիսի 1-ին դեմ գնալով իր խմբակցության որոշմանը՝ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալու օգտին։ Նա իր ելույթում հավանաբար այդ՝ վերոհիշյալ դավադրապաշտական «պլանի» մասին էր ակնարկում, երբ նշում էր․ «Ես վտանգի կանխազգացում ունեմ: Այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետեւանքներով: Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում: Եվ եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետեւանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետականության համար»:
Հարկ է ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը օրերս հանգստացրեց եւ վերալուսավերց դավադրապաշտության տեսության «շահառուներին»՝ ընդգծելով. «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին»:
Վերադառնանք Քոչարյան-Սարգսյան քարոզչական «պինգ-պոնգին»․ դրա նպատակը, ինչպես ասացինք, ՌԴ-ի մոտ «հավատարիմ հաճախորդի» տպավորություն ստեղծելն է, թե՝ ես ավելի «որակով ու պատասխանատվությամբ» կմատուցեմ անհրաժեշտ ծառայությունները՝ կկատարեմ իջեցված հրահանգները առանց խտրականության ու չեմուչումի։
Սերժ Սարգսյանը՝ որպես հավանական դրածո, ֆիքսենք, վաղուց՝ դեռ իր նախագահության ժամանակներից չի վայելում ՌԴ իշխանական էլիտայի համակրանքը մի շարք պատճառներով, մասնավորապես այն, որ հենց նրա օրոք ՀՀ-ն «մեծ եղբոր» կամքին հակառակ «նշանադրվեց» ԵՄ-ի հետ՝ СEPA-ն ստորագրելով։ Իսկ այ Քոչարյանն իրեն պահել է «ուշիմ ու պարկեշտ», ամենակարեւորը՝ «առու չի թռել», հետեւապես բոլոր տվյալներն ունի համարվելու ՌԴ ֆավորիտ թեկնածուն ՀՀ նոր կառավարչի պաշտոնում։
Եվ ուրեմն, պետք է իշխանափոխության պրոցես գեներացնել՝ օգտագործելով ՀՅԴ-ի քաղաքական պոտենցիալը, պլյուս՝ ՀՀ-ում ապրող արցախահայությանը որպես տպավորիչ մարդուժ՝ խաղալով նրանց էմոցիաների ու ակնկալիքների վրա։
Պատահական չէ, որ ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամները՝ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, օրերս հանդիպել էին Սամվել Շահրամանյանին եւ քննարկել արցախցիների «պատմական հայրենիք վերադարձի ուղղությամբ կատարվող քայլերը», ընդգծել «Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գոյության ու գործունեության կարեւորությունը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ վերականգնման գործում»:
Բյուրոյի անդամները, բացի այս, մարտի 8-ին հանդիպել էին նաեւ Գարեգին Բ-ին եւ մասնավորապես ընդգծել «առկա խնդիրների դիմագրավման գործում ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը»։