ՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված`թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։
Նրանք ծանոթացել են վերանորոգված անցակետին և տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։
Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով տեղում հարցազրույց է անցկացրել Օրբելի կենտրոնի փորձագետներից Արմեն Պետրոսյանի հետ։ Պարբերականում հրապարակված հոդվածում Արմեն Պետրոսյանը ներկայացրել է «Մարգարա» անցակետի վերանորոգման ընթացքից որոշ մանրամասներ։
«Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ տարբեր հանդիպումներ են անցկացրել։ Այն կետը, որին հասել են երկու կողմերը, դրական էր։ Դրանից հետո Հայաստանը սկսել է «Մարգարա» սահմանային անցակետի վերանորոգման աշխատանքները, որոնք տևել են մեկ տարի։ Վերանորոգվել է նաև Հայաստանից անցակետ տանող ճանապարհը։ Անցակետը պատրաստ էր 2023 թվականին։ Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ այն երկու կողմերի որոշմամբ բացվել է մարդասիրական օգնության և բեռնատարների համար։ Այս ամենը փաստացի ցույց տվեց, որ այս սահմանային անցակետը կարող է գործել ամբողջ ներուժով»,- նշել է Պետրոսյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հարցազրույց է թվել թուրքական լրատվամիջոցներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։