Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբինյանը հարցազրույց է տվել թուրքական «NTV»-ին

Թուրքական «NTV» հեռուստաալիքը հրապարակել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ արված ռեպորտաժը։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Ռուբինյանը նշել է, որ Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից ցայսօր չի փոխվել։

«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում»,-ընդգծել է Ռուբինյանը։

Խոսելով կարգավորման գործընթացից՝ հայկական կողմի բանագնացը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց որևէ նախապայմանի։

Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, Հայաստանը երեկ, այսօր, վաղը պատրաստ է ամբողջական կարգավորման ու եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այդ ամենը շատ արագ կիրականանա։

Ռուբինյանի դիտարկմամբ՝ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ հայկական կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և բերված պատրաստի վիճակի ու թուրք գործընկերներից ակնկալվում է նույնը։ Համաձայնություն է նաև ձեռքբերվել վերանորոգելու կամ վերակառուցելու սահմանին գտնվող կամուրջը։

«Մինչև օրս ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022թ․-ին»- եզրափակել է Ռուբինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ