Գյումրին դառնում է ներքաղաքական դաշտի «Ավարայրը»։ Հայաստանի երկրորդ քաղաքում մարտի 30-ին նախատեսված ավագանու ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ։
Ինչով է առանձնանում Գյումրու քաղաքապետի համար մղվող պայքարը։ Այդ պաշտոնի համար հայտ ներկայացրած ուժերից 7-ը ուղղակի և անուղղակիորեն կապված են նախկին իշխանությունների հետ։ Փաստացի արևմտամետ կուսակցությունների հիմնած «Եվրադաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պայքարելու են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կուռացիայի տակ գտնվող ուժերի դեմ։
Սակայան այստեղ կա ևս մեկ ուշագրավ հանգամանք։ Վերջին շրջանում խիստ լարվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «գաղափարակիցների», հարաբերությունները։ Սիամական երկվորյակների «ֆան ակումբի» ներկայացուցիչները սոցհարթակներում և անձնական օգտագործման մեդիաներով կարելի է ասել միմյանց «կոկորդ են կրծում»։ Այս իրավիճակում Գյումրու ընտրությունները բավական հետաքրքիր երանգ են ստանում։ Երկու նախագահների «ջրած» և «աճեցրած» քաղաքական ուժերը փաստացի պայքարելու են ոչ թե իշխող ուժի, այլ միմյանց դեմ։
Գյումրու ավագանու ընտրությունը 2026 թվականի Ազգային ժողովի ընտրության նախերգանքն է, այն ընդդիմադիր ուժը, որը կկարողանա հաղթել Գյումրիում, կամ առնվազն երկրորդ առավել շատ ձայնը հավաքել, այդ ուժն էլ հավանաբար կդառնա ընդդիմության առաջին ջութակը։
Իհարկե Գյումրիում ընտրապայքարի մեջ են մտել նաև գորշ կարդինալները, ի դեմս նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ 11 տարի Գյումրին ղեկավարած Ղուկասյանը՝ այս անգամ քաղաքապետի աթոռին հայտնվելու համար որպես թռիչքուղի օգտագործում է Կումինիստական կուսակցությունը։
Ինչ խոսք Աստծո պատվիրաններն անգիր արած այս սուբյեկտը բավական հետաքրքիր քաղաքական ընտրություն է կատարել։ Թեպետ վարդան Ղուկասյանը քաղաքական տանիք ընտրելու գործում կարելի է ասել միանձնյա չեմպիոն է։ Նա կարողացել էր բավական հարմարավետ տեղավորվել Ռոբերտ Քոչարյանի տանիքի տակ, հետ երբ տանիքի տերը դարձավ Սերժ Սարգսյանը՝ Վարդան Ղուկասյանը միանգամից հայտարարեց, որ մենք բոլորս հանրապետական ենք, իսկ 2018 թվականին էլ Գյումրիում քայլ էր անում, որպեսզի մերժեր Սերժին։ Քաղաքական թափառաշրջիկը այս անգամ արդեն որպես տանիք ընտրել է Կոմկուսին։ Մի խոսքով, Գյումրիում բավական հետաքրքիր և ուրախ ընտրապայքար է սպասվում։ Ցավալին այն է, որ քաղաքական խճանակարի համար ընտրվել է այն քաղաքը, որը 88 թվականից այս կողմ այդպես էլ չի կարողանում լիարժեք բուժել վերքերը։ Այսօր Գյումրու փրկության և զարգացման մասին խոսում են մարդիկ, որոնք տասնամյակներով լինելով իշխանության ոչ թե բուժել, այլ ավելի են խորացրել քաղաքի վերքերը։