Գյումրիի ՏԻՄ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերից որոշների ընտրական ցուցակներում, ինչպես պարզեց civic.am-ի ուսումնասիրությունը, ներառված են քաղաքապետացուների ընտանիքի անդամները։ Մասնավորապես, «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող, սույն կուսակցության անդամ (էդ ե՞րբ անդամագրվեց՝ չիմացանք), երգիծաբան, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի դուստրը՝ 23-ամյա Քնարիկ Մխիթարյանը, նույնպես հավակնում է ավագանու անդամ դառնալ՝ նա նախընտրական ցուցակի 15-րդ հորիզոնականում է։ Քնարիկ Մխիթարյանն, ի դեպ, վարում է «Ռուբեն Մխիթարյան», «Մեր Ռուբոն է» ֆեյսբուքյան էջերը՝ դրանց ադմինիստրատորն է։ ԿԸՀ ընտրողների ռեգիստրից պարզեցինք, որ հայր և դուստր տարբեր հասցեներում են հաշվառված, հայրը՝ Վարդ-Բաղիում, դուստրը՝ ՏՆԱԿ ՏՆԱԿ214/295 հասցեում։ «Իմ հզոր համայնք»-ի ցուցակի երկրորդ համարն էլ Մխիթարյանի ստեղծած «Հայաթ պրոջեկտ»-ի պրոդյուսեր, Կիրակոսյաններ ՍՊԸ տնօրեն Վահե Կիրակոսյանն է։ Ի դեպ, Քնարիկ Մխիթարյանը սույն ՍՊԸ-ի մարկետոլոգն է։ Տրամաբանական կլիներ, որ Մխիթարյանը ընտրություններին ընդառաջ մեկ այլ «պրոջեկտ» ստեղծեր, անունը դներ, ասենք՝ «Հորքուրի գանձեր» և դրա ցուցակով մասնակցեր ընտրություններին։ Երևի ժամանակը քչություն է արել, որոշել է բավարարվել արդեն եղածով։
Կոմկուսի ցուցակը գլխավորող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ ցուցակը որոշել է երկու անգամ «զարդարել» Ղուկասյան ազգանվամբ՝ ցուցակի 4-րդ տեղը հատկացնելով ազգականին՝ 2002 թվականին ծնված, անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Գևորգ Կոլյայի Ղուկասյանին (եղբոր թոռն է)։ Վարդան եւ Գևորգ Ղուկասյան եղբայրներն, ի դեպ, քրեական գործով մեղադրյալներ են։
Գևորգ Ղուկասյանը, հիշեցնենք, 2023-ին հակակոռուպցիոն դատարան ուղարկված քրեական գործով մեղադրվում է եղբոր կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարման՝ «ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռք բերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելությունը և տնօրինման եղանակը թաքցնելու, հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու և հանցավոր հետքերը վերացնելու նպատակով օրինականացնելու մեջ»։ Ենթադրում էինք, որ Վարդանիկը ցուցակում մի տեղ էլ որդու՝ սույն քրեական գործով մյուս մեղադրյալի՝ Սպարտակի համար հատկացրած կլինի, բայց ոչ։ Երևի մտածել է՝ «մի տնից երկու հոգին հերիք է», գյումրեցիք չեն դիմանա։
Իսկ ահա «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ ՊՈՒ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը որդուն և օգնականին է փորձելու ավագանու անդամ դարձնել։ Ցուցակի 5-րդ «պատվավոր» տեղը Գրիգորյանը հատկացրել է իր անկուսակցական որդի Կարենին, որը «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչն է, «մի տող վերեւ» էլ՝ ցուցակի 4-րդ տեղը, հատկացրել ԱԺ պատգամավորի օգնական, Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամ Լիզա Գասպարյանին։