Գյումրիում՝ 9, Փարաքարում 4 քաղաքական ուժ կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. Ովքե՞ր են ընտրողներին ծանոթ ու անծանոթ քաղաքապետացուները

Արմավիրի Փարաքար և Շիրակի Գյումրի համայնքներում շաբաթներ անց՝ մարտի 30-ին, տեղի ունենալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի ցանկը հայտնի է։ Մասնավորապես ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, քաղաքի մեծությանը հանգույն մեծ թվով՝ 9 քաղաքական ուժ է հավակնում ստանձնել համայնքի կառավարումը, քաղաքական այդ ուժերն էլ գլխավորում են գյումրեցիներին քաջածանոթ, ծանոթ, մի թեթև ծանոթ, որոշ դեպքերում էլ՝ ընդհանրապես անծանոթ քաղաքապետացուները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն գյումրեցիներին հատկապես վերջին մի քանի ամիսներին քաջածանոթ, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։ Բաքվի բանտում գտնվող, գործարար Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր»-ն էլ կգլխավորի Կարեն Մալխասյանը, որը Գյումրիի՝ 2021-ին ձևավորված ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն էր, 2021-ի ապրիլ-նոյեմբերին էլ եղել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենը։ Քաղաքագետ, Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք»-ի քաղաքապետացուն էլ ԲՀԿ նախկին անդամ, այժմ անկուսակցական, ավագանու նախկին անդամ Արտյոմ Ղարաղազարյանն է։ Հաջորդ՝ ահեղադղորդ անունով կուսակցության՝ «Իմ հզոր համայնք»-ի քաղաքապետացուն էլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանրությանը քաջածանոթ փեսա Միշիկի ընկերն է՝ շուլուխչի՝ երգիծաբան, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Ի դեպ, կուսակցությունը, որն առաջադրել է Մխիթարյանին, նախկինում գրանցված է եղել Սերժ Սարգսյանի թիմակից Նարեկ Սամսոնյանի անունով։

Հաջորդ՝ գյումրեցիների շրջանում քաջածանոթ թեկնածուն անեկդոտների հայտնի պերսոնաժ ընկեր Մարգոյի աշակերտի՝ Վարդանիկի անունը կրող, գյումրեցիներին 13 տարի կառավարած, քրեական գործով մեղադրյալ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԱԺ խմբակցության նախկին անդամ և վերջապես՝ նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն է։ Աստվածավախ այս մարդը, փաստորեն, առաջադրվել է տասնամյակներ շարունակ աթեիզմ քարոզած, աստվածուրացության սիմվոլ Կոմկուսի ցուցակով։ Ինչևէ։ Շարունակենք թվարկումը։

Մովսես Շահվերդյանի ղեկավարած «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»-ն էլ ցուցակի առաջին համարը հատկացրել է «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Թումանյանին։

Գյումրեցիների քվեի համար ընտրությունների օրը կռիվ կտան ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլև դրանցից կազմված՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ասոցացվող դաշինքները։ Մասնավորապես «Մայր Հայաստան» անունով դաշինքի կազմում են Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար, նախկին «լևոնական», հետո էլ՝ քոչարյանական Մանուկ Սուքիասյանի գլխավորած «Ինտելեկտուալ Հայաստան»-ը և հայտնի որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից, քաղակտիվիստ Անի Կարապետյանի «Իմ պայքար, իմ հայրենիք»-ը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» նախընտրական դաշինքը, որը ձևավորել էին «Ինտելեկտուալ Հայաստան»-ը և ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի»-ն, գլխավորում էր Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ԱԺ համանուն խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Հաջորդ դաշինքն էլ, որը ձևավորվել է Սերժ Սարգսյանի կուրացիայի ներքո, կրում է «Մեր քաղաքը» անունը։ Սա էլ ձևավորել են «կադրային չեկիստը»՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր «Հայրենիք» կուսակցությամբ և գործարար, նախկին ռեժիմի օրոք ՀՀ մաքսային վարչությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Երվանդ Թարվերդյանն իր «Միացյալ Հայաստան» կուսակցությամբ։ Այս դաշինքի քաղաքապետացուն էլ քաղաքապետի պաշտոնի համար նախկին ռեժիմի օրոք տեղի ունեցած ընտրություններում մեկ անգամ արդեն ուժերը փորձած ու ձախողված, նախկինում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է, որը Սերժ Սարգսյանի կողմից փաստացի ղեկավարվող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։ Երրորդ դաշինքն էլ ձևավորել են Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը, Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը։ «Եվրադաշինք» անունը կրող սույն քաղաքական կոնգլոմերատը կգլխավորի Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանը։

Գյումրեցիները, համոզված ենք, ապավինելով իրենց աչքաբացությանն ու իմաստնությանը, արդեն իսկ եզրակացրել են, թե, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «այսքան ժողովրդի մեջ ով ում բարեկամն է»։

Նշենք, որ 2021-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Գյումրիում առաջադրվել էր 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք՝ «Թասիբով»-ը, «Գյումրին կռնա՛», «Հայրաքաղաք», և 7 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀԿ, «Ապրելու երկիր», «Արժանապատիվ ուղի», «Զարթոնք», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, «Բալասանյան դաշինք»։

Արմավիրի Փարաքար համայնքում էլ, ի տարբերություն Գյումրիի, կուսակցությունները «համեստ ներկայացվածություն» են ցուցաբերել։ Փարաքարցիների քվեի համար կռիվ կտան 3 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք: Կուսակցություններն են «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ընտրական ցուցակը կգլխավորի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը, նախկին ՀՀԿ-ական, Սփյուռքի նախկին նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն»-ը, որի քաղաքապետացուն Գոռ Սարիբեկյանն է, որը 2021-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Դավիթ Մինասյանի գլխավորած «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակի երկրորդ համարն էր։ Ուշագրավ է, որ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն այս ընտրություններում առաջադրվել է Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանի գլխավորած «Ազգային առաջընթաց»-ի ցուցակով և այժմ, փաստորեն, այս կուսակցության քաղաքապետացուն է։ Փարաքարում իշխանությունը վերցնելու համար պայքար կմղի նաև «Միասնություն» կուսակցությունների դաշինքը, որը ձևավորել են «Ապրելու երկիր»-ը և հեղափոխական թիմի նախկին անդամ՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի երբեմնի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ»-ը։

Փարաքար համայնքում, հիշեցնենք, 2021-ին կայացած ընտրությունների ժամանակ առաջադրվել էր երեք ուժ՝ երկու կուսակցություն՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը, և մեկ դաշինք՝ «Դավիթ Մինասյան»-ը, որը ձևավորել էին «Արդարություն» և «Քաքաղաքացու որոշում» կուսակցությունները։

Նշենք, որ Գյումրին ունի 112 160 ընտրող, Փարաքարը՝ 21 186։

Հավելենք, որ թեկնածուները, կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 20-ը, ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչությունը կսկսվի մարտի 15-ից և կտևի մինչև մարտի 28-ը, ժամը 24.00-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ