Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լուրջ տարաձայնություն ունեն, նրանք իրար համար կարմիր գիծ են դարձել. Դալլաքյան

«Դաշնակցությունը կա՛մ որոշել է ընտրություններից առաջ հիշեցնել իր մասին, կա՛մ էլ մտածում է, թե Ռուսաստանն այնքան լավ վիճակում է, որ կարող է Հայաստանում լուրջ քայլերի գնալ»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ անդրադառնալով դաշնակցական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունները։

Նկատենք՝ Ռուստամյանը հայտարարել է, թե Դաշնակցությունը արտահայտում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են որպես անհրաժեշտ պայման իշխանափոխություն իրականացնել։

Թե ո՞ր ուժերին նկատի ունի Ռուստամյանը, Դալլաքյանն ասում է՝ դրանք այն ուժերն են, որոնք մշտապես կրկնում են՝ Հայաստանի դաշնակիցը Ռուսաստանն է ու չեն խոսում ՌԴ-ի արած սխալների մասին։

«Իրենք քանի տարի է արդեն, որ խոսում են իշխանափոխության մասին, ասում են՝ մնացել է մի օր, կես ժամ։ Եվ դա նորմալ է, պետք է խոսեն, որովհետև Ռուսաստանի պլանների մեջ է մտնում երկրում ներքաղաքական իրավիճակը սրելը։ Այս պահին, ճիշտ է, ՌԴ-ն որոշում չունի այստեղ իշխանափոխության հետ կապված, բայց չի նշանակում, որ չի կարող հակաիշխանական տրամադրություններ գեներացնել։ Հիմա Պուտինը կցանկանար ՀՀ-ում տեսնել պրոռուսական ուժերին, բայց տվյալ մարդիկ լեգիտիմություն չունեն»,- նկատում է նա։

Քաղաքագետի խոսքով՝ բացի լեգիտիմությունից, Դաշնակցությունը իրեն վաղուց է վարկաբեկել և չունի որևէ տեսակի աջակցություն, ուստի իշխանափոխության մասին հայտարարություններ անելուց առաջ պետք է գնահատական տա բոլոր իշխանությունների գործողություններին, մաքրի իր շարքերն ու ձերբազատվի նախկին նախագահներից։

«Պետք է քննադատեն հավասարապես բոլորին՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելուց թող քննադատեն նաև Ռոբերտ Քոչարյանին, ասեն՝ երկիրը ինչպես է թալանել, բանակում բարեփոխումներ ինչպես չի կատարել, միլիարդավոր գումարների գույքերի մասին խոսեն, որ ունի, ու ինչպես էր կախված մնում մի կետից, որը մի օր ասաց՝ Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջանի մաս է եղել։ Ինքս ներկա իշխանությունների աջակիցը չեմ, քննադատում եմ իրենց գործունեությունը, բայց քննադատությունը չպետք է լինի անձնավորված, պետք է նշեն, թե ինչ ոլորտներում ինչն է ձախողվել, որն է իրենց ծրագիրն ու թիմը։ Այդպիսի հարցեր Դաշնակցությունը չունի, ես չեմ տեսել գնահատական, թե ինչի հետևանքով եղավ 2020 թվականի պատերազմը, ու ինչ դեր ուներ ՀՀ նախկին իշխանությունների վարած սխալ արտաքին քաղաքականությունը։ Նույն խոսույթն է․ կապիտուլյանտ, կապիտուլյանտը դու ես»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ, Դալլաքյանի կարծիքով, իշխանափոխության մասին խոսող ուժերը չեն խոսում իրենց շրջանում տեղի ունեցած իրադարձություններից․ եթե անգամ որոշեն նորից գնալ ինչ-որ քայլերի ու անհնազանդության գործողությունների, չեն կարողանալու մեկ առաջնորդի շուրջ կոնսեսուսի գալ․ «Ռոբերտ Քոչարյանի համար կարմիր գիծ է Սերժ Սարգսյանը, Սարգսյանի համար էլ կարմիր գիծ է Քոչարյանը, որովհետև իրենք իրենց մեջ ունեն լուրջ տարաձայնություններ։ Դա ակնհայտ է։ Բացի այդ՝ իրար մեղադրում են նախորդ շարժումները վարկաբեկելու համար, մեկը ասում է՝ դու մասնակցեցիր, դրա համար ժողովուրդը չմասնակցեց»։

Ինչ վերաբերում է Ռուստամյանի այն դիտարկմանը, թե աշխարհում իրավիճակ է փոխվել, ինչն էլ հնարավորություն է տալիս, որ փոխլրացման տրամաբանությամբ գերտերությունների հետ աշխատեն, քաղաքագետն ասում է․ «Աշխարհի իրավիճակի հետ կապված ես վերլուծություն չեմ տեսնում, քանի որ պարզ չէ, թե Ռուսաստանը ինչ իրավիճակով է դուրս գալու Ուկրաինայի հետ պատերազմից, որովհետև տեսնում ենք՝ Եվրոպան ինչպես է զինվում, Ուկրաինան էլ չի պատրաստվում հանձնվել։ Այստեղ այլ խնդիր կա․ Ռուսաստանը չի ցանկանում, որ Ադրբեջանը իր ազդեցությունից դուրս գա, և այդ նպատակով է տվյալ ուժերին գեներացնում Հայաստանում, որոնք, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը օգտագործելով, ազդակ կուղարկեն Ադրբեջանին այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանին նորից քո դեմ է օգտագործելու, ինչպես եղել է 30 տարի»։

Խոսելով այն մասին, թե ի՞նչ քայլերի կարող է գնալ Դաշնակցությունը իշխանափոխության համար, Դալլաքյանը հիշեցնում է «Հոկտեմբերի 27»-ը՝ նկատելով. «Դաշնակցությանն մեթոդները բոլորը գիտեն, հատկապես «Հոկտեմբերի 27»-ից հետո, թե ում էր զանգել Նաիրի Հունանյանը։ Բայց չեմ կարծում, թե հիմա այդ թվերն են, իրենք էլ շատ լավ դա զգում են»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ