Ուկրաինան պատրաստ է խաղաղության, ՌԴ-ն պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու իր պատրաստակամությունը. Զելենսկի

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների ընթացքում Ուկրաինան ԱՄՆ-ին երեք բան է առաջարկել՝ «լռություն երկնքում», «լռություն ծովում» և «իրական վստահության միջոցներ» Ռուսաստանի հետ դիվանագիտական բոլոր գործողությունների համար։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասնելով.

«Առաջին և երկրորդ կետերը ներառում են հրադադարի ռեժիմ և հրթիռների, ռումբերի և անօդաչու թռչող սարքերի չօգտագործում, իսկ գերիների ազատ արձակումը կարող է ծառայել որպես վստահության միջոց: 30 օր փորձեք ամբողջական զինադադար հաստատել՝ ոչ միայն հրթիռներով, անօդաչուներով ու ռումբերով, ոչ միայն Սև ծովում, այլ նաև ճակատային գծի ողջ երկայնքով։ Ուկրաինան ընդունում է այս առաջարկը, մենք այն դրական ենք համարում, պատրաստ ենք գնալ նման քայլի։ ԱՄՆ-ը պետք է համոզի Ռուսաստանին դա անել։ Այսինքն՝ մենք համաձայն ենք, երբ ռուսները համաձայնեն, այդ պահին լռություն կտիր»,- գրել է նա տելեգրամյան իր ալիքում։

Բացի այդ, Զելենսկին հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ ռազմական օգնությունն ու հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են իր երկրին և ընդգծել, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրին։

«Ուկրաինան պատրաստ է խաղաղության: Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իր պատրաստակամությունը: Եկել է իրական ճշմարտության ժամանակը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են Ուկրաինային»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ բանակցությունների արդյունքում Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ էին մեկնարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

Բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մի քանի խողովակով Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը։

Այս բանակցությունները հաջորդում են Զելենսկի-Թրամփ հայտնի միջդեպին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկիին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին՝Կիևին ցուցաբերած աջակցության համար:

ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել էր «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։

Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ