ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դաշնակցությանն անհրաժեշտ են ցուցարարներ
Հիշո՞ւմ եք՝ մի քանի օր առաջ Հայաստան դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը մի հոդված էր գրել այն մասին, որ Հայաստանում սրվում է իշխանափոխության օրակարգը և որ Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանում գտնել մի վստահելի գործընկեր, որը բավականչափ պատրաստված կլինի թյուրքական աշխարհի հետ կոշտ բայց կառուցողական երկխոսության համար։
Ահա ուրեմն Հայաստան դաշինքի դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ իշխանափոխությունը կամ թարգմանաբար՝ թե ինչպես Ռուսաստանը Հայաստանում պետք է գտնի պատշաճ հակաթյուրքականություն դրսևորող վստահելի գործընկեր։
Մասնավորապես պարոն Ռուստամյանը ասաց․ «Իշխանափոխության համար մենք ունենք մեր պատկերացումները, որը եթե կարճ ձևակերպեմ, հետևյալն է, որ մենք ունենք կարիք՝ անհրաժեշտ ակտիվության և մասնակցության պատրաստ ցուցարարների կազմակերպված ներկայության։ Այսինքն մեզ պետք է ոչ միայն ընդհանուր թիվ մասնակցության, այլ պետք է ակտիվության և վճռականության պատրաստ մի իսկապես կազմակերպված մասնակցություն, որը հնարավորություն կտա շարունակական զանգվածային անհնազանդության գործողություններ կազմակերպել։»
Հայաստանը արտաքին կառավարման հանձնելու կողմնակիցները նորից առաջարկում են իր քվեն տեղ հասցրած մի քաղաքացու փակել իր քվեն տեղ հասցրած մեկ այլ քաղաքացու ճանապարհը՝ համոզելու միասին ընդվզել ընտրված հանրային իշխանության մարմինների դեմ։ Քաղաքացիներին համոզելու, որ ոչ թե իրենք են իրենց ճաշակով ընտրում այլ երկրների համար գործընկեր ի դեմս Հայաստանի իշխանությունների, այլ այդ ուրիշ մի երկիր է, որ Հայաստանում կարող է փնտրել իր աշխարհաքաղաքական ծրագրերի համար պատշաճ որակներ դրսևորող գործընկեր։