Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։
«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Իսպանիայի ԱԳ նախարարը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։
ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարարկան ծառայող և «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ընկերության երկու ուղղաթիռ։ Արշավախմբի անդամները Իսպանիայի քաղաքացիներ են: