Կարգավորման նախնական քայլերից առաջ ուկրաինական հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու առաջարկները նման են Կիևի իշխանություններին փրկելու փորձերի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հրադադար հայտարարելու, խաղաղապահներ տեղակայելու և միայն դրանից հետո սահմաններ գծելու վերաբերյալ առաջարկներ շատ կան։ Հիմա բոլորը խոսում են խաղաղապահների մասին, արդեն քննարկում են` 10 հազարը կբավականացնի՞, թե՞ գուցե 50 կամ 100 հազար է պետք։ Մենք պարզ հարց ունենք՝ խաղաղապահներն ի՞նչ են պահելու, Կիևի նացիստական ռեժիմի մնացորդնե՞րին, որոնք ռուսական մշակույթը, ռուսաց լեզուն, ռուսական լրատվամիջոցները ոչնչացնող մի շարք օրենքներ են ընդունել, արգելել են կանոնիկ Ռուս ուղղափառ եկեղեցին»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։
Լավրովը համոզված է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչպես հասնել հրադադարի, այլապես խաղաղապահներ տեղակայելու թեման նման է Կիևի ռեժիմի մնացորդներին ժողովրդի ցասումից փրկելու փորձի։
Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի հնարավոր մասնակցությանը, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան բազմաթիվ վերապահումներ ունի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության նկատմամբ (տարածաշրջանում գործել է 2014-2022թթ.), ներառյալ այն, որ չեն ցանկանում մանրամասնել, թե ով է այնուամենայնիվ ավելի շատ մեղավոր քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման, քաղաքացիական բնակչության դեմ հրետանային թիրախավորված հարձակումների համար:
Այդ առաքելության աշխատանքի վերաբերյալ կուտակված խնդիրներ կան, այդ թվում՝ ուկրաինական կողմին տեղեկատվություն տալու փաստերը, ինչը չեզոքության սկզբունքի կոպտագույն խախտում է։