Հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին:
«Հայաստանը չորս հարևան ունի։ Մեր արևելյան հարևանը Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ՝ շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավել։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել։
Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ ևս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար։
Մեր մյուս երկու հարևանների՝ հյուսիսում՝ Վրաստանի և հարավում՝ Իրանի հետ, երկար տարիներ շարունակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և կենտրոնացած ենք այդ կապերի խորացման վրա։ Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն, անկասկած, այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու մենք մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում՝ ձեր նշած եռակողմ ձևաչափում»,- ասել է Արարատ Միրզոյանը։