Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը. ԱԳ նախարար

Հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով.

«Մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը: Եթե մեզ հաջողվի նախևառաջ ավարտին հասցնել պայմանագրի մշակումը, իսկ այնուհետև ստորագրել այն, ապա դա կլինի խաղաղության և կայունության ամենաուժեղ հենասյուներից մեկը Հարավային Կովկասում։ Եվ սա գալիս է նաև լրացնելու այն մյուս քայլերը, բանակցությունները և համաձայնությունները, որոնք մենք արդեն ունենք Ադրբեջանի հետ: Օրինակ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ մեզ հաջողվեց ստորագրել և այնուհետև վավերացնել երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացով զբաղվող սահմանային հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը:

Ես արդեն հնարավորություն ունեցա նշելու տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկի մասին: Եվ նաև կարող եմ հավելել, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկողության և վերիֆիկացիայի մեխանիզմ ստեղծել: Այսպիսով, բոլոր այս գործիքները կարող են օգնել մեզ հաստատել երկարատև և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։

Բոլոր այն երկրները կարող են դրական դերակատարում ունենալ՝ ողջունելով երկու կողմերի, երկու երկրների կառուցողական քայլերը։ Մյուս կողմից, իհարկե, պետք է նաև նշեմ, որ այն համաձայնությունները, որոնց մենք արդեն հասել ենք Ադրբեջանի հետ, ձեռք են բերվել երկկողմ ուղիղ բանակցությունների միջոցով։ Հուսով եմ՝ մենք շուտով կհասնենք այդ նպատակին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ