Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը լավատես չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է մոտ օրերս հանգուցալուծում ստանալ։ Civic.am-ի հետ զրույցում Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ այս փուլում Պուտինն ու Թրամփը չեն կարող գալ այնպիսի պայմանավորվածության, որը կդադարեցնի պատերազմը: «Կարող է լինել միայն հրադադար, որը պայմանավորված չէ նրանով, թե Թրամփն ինչ է անում, այլ նրանով, որ կողմերն իրոք հյուծված են, և մի օր հրադադարը պետք է կնքվի»,- ասաց նա։
Խոսելով Թրամփի՝ Հարավային Կովկասի քաղաքականության մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ Թրամփը չունի ո՛չ հակահայկական և ոչ էլ հայանպաստ դիրքորոշում. «Թրամփն այնպիսի մարդ չէ, որ ունենա դիրքորոշում, որը հիմնված կլինի անձնական էմոցիաների վրա։ Ամեն ինչ կախված է գործարքից։ Այս պահին Թրամփը դեռ չի հասել Հարավային Կովկաս, նա հասել է Ուկրաինա, Իրան, բայց դա չի նշանակում, որ չի հասնելու։ Եվ այստեղ ևս լինելու է գործարքի առաջարկ։ Ես իմ բոլոր հարցազրույցներում առաջարկում եմ չսպասել այդ առաջարկին, ձևավորել մեր սեփական առաջարկը ու դա ներկայացնել Թրամփի ադմինիստրացիային»։
Ըստ նրա՝ Ուկրաինայի պարագայում խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քանի որ պատերազմն ակտիվ փուլում է, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում համաձայնեցված չէ ընդամենը երկու կետ։
Ստեփանյանը հավելեց՝ եթե Թրամփը ցանկանում է լինել խաղաղության աղավնի, թող լինի մեր տարածաշրջանում. «Ալիևը թող հրաժարվի՝ եթե կարող է, կամ համաձայնվի»։
Մանրամասն՝ տեսանյութում