ԱՄՆ-ում 4-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել՝ պահանջելով ձերբակալել իր պաղպաղակը կերած մայրիկին

ԱՄՆ-ում չորս տարեկան տղան զանգահարել է շտապօգնություն՝ վրդովված, որ մայրը կերել է իր պաղպաղակը։ Այս մասին հայտնում է WTMJ-ը։

Զանգը ստացել է Վիսկոնսին նահանգի Մաունթ Փլեզանթ ոստիկանական բաժանմունքը մարտի 8-ին։

Իրավապահների խոսքով, երբ նրանք ընդունել են զանգը, գծի մյուս ծայրում երեխայի ձայնն ասել է, որ «մայրը վատ է պահում իրեն» և խնդրում է մորը ձերբակալել:

Ոստիկանները փորձել են պարզել, թե կոնկրետ ինչ սխալ է թույլ տվել ծնողը, սակայն երեխան միայն խնդրել է գալ և «մայրիկին ձերբակալել»։

Որոշ ժամանակ անց մի չափահաս կին է վերցրել հեռախոսը։ Նա ներկայացրել է իրեն որպես երեխայի մայր և ասել, որ իր որդին չորս տարեկան է։

Նա նաև կիսվել է որդու վրդովմունքի հավանական պատճառով. «Կարծում եմ՝ նա զանգել է 911, քանի որ ես կերել եմ նրա պաղպաղակը»:

Երեխայի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանությունը գնացել է այն հասցե, որտեղ բնակվում է ընտանիքը։ Երբ ոստիկանները տուն են մտել, տղան փոխել է իր միտքը։

Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցները կրկին այցելել են ընտանիքին՝ տղային պաղպաղակ տալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ